Միջին պաշտոնյաների հեռացումն արժեք չունի, պետք է լինի քաղաքական պաշտոնանկություն

Հունվարի 19-ի գիշերը պաշտպանության նախարարության զորամասերից մեկի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, երեքի վիճակը գնահատվում է ծանր։ Հինգշաբթի կառավարության նիստին Քննչական կոմիտեի նախագահն ասաց, որ նախնական վարկածով հրդեհը տեղի է ունեցել ջեռուցման հետ կապված անվտանգության նորմերի խախտման պատճառով։

Պաշտոնից ազատվել են երկրորդ բանակային կորպուսի հրամանատարը, նրա տեղակալները, զորամասի հրամանատարն ու այլ պաշտոնյաներ, ինչպես նաև ՊՆ հրդեհային անվտանգության վարչության ծառայության պետը։

Այս աղետը ընդամենը դրվագ է երկրում անպատասխանատվության և անձեռնհասության ավելի մեծ պատկերում։ Այս պաշտոնանկություններն որևէ արժեք չունեն։ Պաշտոնից պետք է հեռացվեն պաշտպանության նախարարը և/կամ գլխավոր շտաբի պետը։ Պարզ է, որ այս աղետի անմիջական պատասխանատուն նրանք չեն, բայց բարձր մակարդակով պատասխանատվությունն ու խստապահանջությունն են ի վերջո բերում ուղղահայացի ներքևում նման դեպքերի բացառմանը։

Ընդամենն ամիսներ առաջ՝ 2022-ի հուլիսին, Սիսիանի դիրքերում հրդեհից զոհվել էր ժամկետային զինծառայող, որին հինգ ժամ օգնության չէին հասել, իսկ այնտեղ բնականաբար չէր եղել հակահրդեհային որևէ միջոց։ Այդ դեպքից հետո ՊՆ ղեկավարությունն արդյոք որևէ հետևություն արե՞լ է դրանց կրկնությունը բացառելու համար։ Այսօրվա դեպքերն ապացուցում են՝ ոչ։

Հայաստանում, ցավոք, պատասխանատվության ինստիտուտը գոյություն չունի։ Հիշենք ընդամենը մի քանի դրվագ։

2022-ի սեպտեմբերի 21-ին Եռաբլուրից ոստիկանները քարշ տալով բերման ենթարկեցին որդեկորույս մայրերին, որպեսզի պաշտոնյաները գան և ծաղիկ դնեն նրանց զոհված որդիների հիշատակին։ 35 հասարակական կազմակերպություն պահանջեց ոստիկանապետի հրաժարականը։ Ոստիկանապետը ոչ միայն չպաշտոնազրկվեց, այլև նշանակվեց վերակազմավորված ավելի մեծ կառույցի՝ ներքին գործերի նախարարության ղեկավար։ Ոստիկանությունն էլ պահանջեց տուգանել որդեկորույս ծնողներին։

2022-ի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանը հարձակում գործեց Հայաստանի արևելյան սահմանների երկայնքով։ Երկու օրվա ընթացքում Հայաստանն ունեցավ մոտ 250 զոհ, հակառակորդը Հայաստանի Հանրապետության տարածքից նոր կտորներ բռնազավթեց։ Կառավարությունն այլևս հարկ չհամարեց զոհված զինծառայողների անունները հրապարակել։ Սեպտեմբերյան մարտերը ցույց տվեցին, որ Հայաստանի զինված ուժերում 2020-ի պատերազմից հետո որևէ լուրջ բարեփոխում չի եղել․ դիրքերը նախկինի նման վատ են կահավորված, հրամանատարական ու կազմակերպչական ուղղահայացը նորմալ չի աշխատում։ Սեպտեմբերի 14-ի երեկոյան Ազգային ժողովի զուգահեռ իրականությունում Քաղաքացիական պայմանագրի պատգամավորներն իրար հերթ չտալով հարցեր էին ուղղում «մեծարգո պարոն վարչապետ»-ին։

Օգոստոսի 14-ին Երևանում խոշոր պայթյուն եղավ Սուրմալու առևտրի կենտրոնում, որը խլեց մոտ երկու տասնյակ մարդու կյանք ու պատճառեց մեծ ավերածություններ։ Կառավարության որևէ անդամ, առաջին հերթին՝ արտակարգ իրավիճակների նախարարը, պաշտոնանկ չարվեց։ Հանրությունը կրկին պետք է բավարարվեր մի քանի միջին կարգի պաշտոնյաների պաշտոնանկությամբ։

Ցավալիորեն, Հայաստանում չի գործում ոչ միայն քաղաքական, այլև ու նախևառաջ՝ բարոյական պատասխանատվության ինստիտուտը։ 44-օրյա պատերազմից հետո քաղաքական ու ռազմական որևէ գործիչ այդպես էլ քաջություն չունեցավ պատասխանատվություն վերցնելու պարտության համար։

Մեկնաբանել