Սեղանի թենիսի մրցաշար՝ հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությամբ

Լոնդոնի պարալիմպիկ խաղերին մնացել են հաշված օրեր: Ինչպես օլիմպիական խաղերի ժամանակ, այնպես էլ հիմա Լոնդոնի իշխանությունները մեծ պատասխանատվությամբ պատրաստվում են դրանց:

Արդեն 7-րդ տարին է, որ «Հույսի կամուրջ» կազմակերպությունն իրականացնում է «Սպորտը հանուն հավասար հնարավորությունների» մրցաշարը: Այն նպատակ ունի սպորտի միջոցով հավասար հնարավորություններ քարոզել և հաշմանդամ մարդկանց ինտեգրել հասարակությանը:

«Միկա» սպորտային համալիրում տեղի ունենալիք մրցաշարին ներկա կլինեն պարալիմպիկ խաղերին Հայաստանը ներկայացնող մարզիկները՝ լողորդուհի Մարգարիտա Հովակիմյանը և ծանրորդուհի Գրետա Վարդանյանը:

Մրցաշարի վերջում՝ մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ժամանակ, Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը և օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը պարաալիմպիկ խաղերի հայաստանցի մասնակիցներին կհանձնեն խորհրդանշական օլիմպիական դրոշը և կճանապարհեն դեպի Լոնդոն:

Միջոցառմանը ներկա կլինի նաև Հայաստանում Բրազիլիայի դեսպան Մարչելա Նիկոդեմոսը, ում Մեծ Բրիտանիայի դեսպանը կհանձնի ամառային օլիմպիական խաղերի էստաֆետը: Ամառային օլիմպիական խաղերը Լոնդոնից կտեղափոխվեն Ռիո դե Ժանեյրո:

«Լոնդոնի օլիմպիական խաղերի կարգախոսն էր «Սպորտը բոլորի համար», իսկ պարալիմպիկ խաղերը հատկապես շեշտում են այս գաղափարը: Ես ուրախ եմ, որ պարալիմպիկ խաղերին Հայաստանը ներկայանալու է իր մարզիկներով, և մաղթում եմ նրանց ամենայն բարիք»,- ասել է Ջոնաթան Էյվսը:

Մեկնաբանել