Այսօրվանից արցախցիները սննդամթերքը ձեռք կբերեն կտրոններով

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ ըստ կտրոնների տրամադրվող ապրանքատեսակները քաղաքացիները կարող են ձեռք բերել հունվարի 20-ից մայրաքաղաքի և շրջանների բոլոր խանութներից։

«Նշված ապրանքատեսակները առկա են լինելու նաև բոլոր համայնքների խանութներում և կարիք չկա, որպեսզի այս կամ այն համայնքի բնակիչները գնումները կատարեն շրջկենտրոնի կամ մայրաքաղաքի խանութներից։ Ավելորդ քաշքշուկից, կուտակումներից խուսափելու համար, հաշվի առնելով նաև դիզվառելիքի պակասը՝ ցանկալի է, որպեսզի համայնքի բնակիչները գնումները կատարեն հենց համայնքում գտնվող խանութներից։ Խնդրում և հորդորում ենք գնումները կատարել առանց խուճապի և առանց միմյանց համար արհեստական բարդություններ ստեղծելու»,- ասված է հայտարարությունում։

Շտաբից հավաստիացնում են, որ ապրանքների քանակը ըստ շնչի տրամադրված կտրոններով ձեռք բերելու դեպքում կբավականացնի բոլորին, անհարկի գնումներ կատարելու կարիք չկա։

2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ փակել են Լաչինի միջանցքը։ Ադրբեջանցի «բնապահպան-ակտիվիստները» «բողոքում են ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող տարածքում հանքավայրերի ապօրինի շահագործման դեմ»։ Արդեն 38 օր է՝ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհը։

Մեկնաբանել