Ադրբեջանը պատրաստ է ամենամոտ ժամկետում Հայաստանի հետ հանդիպմանը․ Բայրամով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ իրենք պատրաստ են ամենամոտ ժամկետում Հայաստանի հետ հանդիպմանը։

Նա նշել է, որ խաղաղության պայմանագրի վերաբերյալ քննարկումը պետք է շարունակվեր դեկտեմբերի 23-ին Մոսկվայում նախատեսված եռակողմ հանդիպմանը, սակայն հայկական կողմը չէր ներկայացել դրան։

«Վերջին օրերին Հայաստանը մանիպուլյացիաների դիմում՝ նշելով, թե գնդակը ադրբեջանական կողմում է (նկատի ունի խաղաղության պայմանագրի հայկական առաջարկներին չպատասխանելու ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը – խմբ․)։ Հայաստանը դանդաղեցնում է գործընթացը և դա նրա ոչ լուրջ քայլերի վկայությունն է։ Մենք հայտարարել ենք, որ Ադրբեջանը պատրաստ է հինգ սկզբունքների հիման վրա աշխատել փաստաթղթի տեքստի մշակման ուղղությամբ, մենք պատրաստ ենք կարճ ժամանակում հերթական հանդիպմանը»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Բայրամովը։

Ադրբեջանի ԱԳ նախարարն ակնկալում է, որ Հայաստանը կհամաձայնի նոր հանդիպմանը մասնակցել, ոչ թե «խնդիրներ կստեղծի գործընթացում»։

***

Դեկտեմբերի 23-ին Մոսկվայում նախատեսված էր Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, սակայն հայկական կողմը խնդրել էր հետաձգել այն՝ հաշվի առնելով Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը։

Դեկտեմբերի 12-ին` ժամը 10:30-ին, մի խումբ ադրբեջանցիներ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ադրբեջանցի «բնապահպան-ակտիվիստները» «բողոքում են ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող տարածքում հանքավայրերի ապօրինի շահագործման դեմ»։ Արդեն 11-րդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհը։

Մեկնաբանել