Ադրբեջանը մասամբ բացել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը

Ադրբեջանական կողմը մասամբ բացել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը, սակայն թույլ ճնշման պատճառով գազամատակարարումը կվերականգնվի որոշակի սահմանափակումներով, հայտնում է Արցախի օպերատիվ շտաբը։

«Կենսական նշանակության ենթակառուցվածքների անխափան գործունեությունը և բնակչության նվազագույն կարիքները ապահովելու նպատակով սահմանափակ ծավալով մատակարավող գազը հասանելի կլինի Ստեփանակերտ քաղաքի բնակելի տների, շրջանային գազալցակայանների, ինչպես նաև ռազմավարական նշանակության որոշ օբյեկտների համար»,- ասված է հաղորդագրությունում։

Հայաստանից Արցախ մտնող գազատարը անցնում է ադրբեջանական վերահսկողության տարածքներով։ 2022-ի մարտից սկսած Ադրբեջանը պարբերաբար անջատում է Արցախի գազամատակարարումը։ Վերջին անջատումները տեղի էին ունեցել հունվարի 17-ին՝ 5-6 ժամով, և հունվարի 18-ից մինչ օրս։

***

2023-ի հունվարի 9-ին Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի Աղավնո-Բերձոր հատվածում արձանագրվել է վթար։ Ադրբեջանը թույլ չի տալիս վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնել։ Քանի որ Հայաստանից Արցախ էլեկտրաէներգիայի մատակարարումը խափանվել է, իսկ Արցախի էներգետիկ հզորությունները չեն բավարարում ներքին պահանջարկը լրացնելու համար, Արցախում էլեկտրաէներգիայի մատակարարումը իրականացվում է հովհարային անջատումներով:

2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ փակել են Լաչինի միջանցքը։ Ադրբեջանցի «բնապահպան-ակտիվիստները» «բողոքում են ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող տարածքում հանքավայրերի ապօրինի շահագործման դեմ»։ Արդեն 38 օր է՝ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհը։

Մեկնաբանել