Կառավարությունում քննարկել են վարժական հավաքների մասնակիցների շրջանում հարցումների արդյունքները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են վարժական հավաքներին ընդգրկված պահեստազորայինների շրջանում անցկացված սոցիոլոգիական հարցումների արդյունքները, հայտնում են վարչապետի աշխատակազմից։

«Զինված ուժերի մեր բարեփոխումներն ավելի հասցեական դարձնելու համար մենք դեռևս մի քանի ամիս առաջ նախաձեռնել և պատվիրել էինք սոցիոլոգիական հարցում՝ վարժական հավաքներին ընդգրկված պահեստազորայիների շրջանում: Եվ արդեն մոտավորապես 10-15 օր հարցման արդյունքները պատրաստ էր ու դեռևս նախօրեին տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից առաջ, այս օրը պլանավորում էինք լսել հարցումների արդյունքները, որոնք կներկայացնի հարցումներն իրականացրած ընկերությունը: Որոշեցինք չհետաձգել միջոցառումը, մանավանդ, որ այն նախապես պլանավորված էր»,- նշել է Փաշինյանը։

Խորհրդակցությանը մանրամասն ներկայացվել են հարցման արդյունքները, վարժանքների կազմակերպման ու անցկացման գործընթացի վերաբերյալ և դրական, և բացասական դիտարկումները, ինչպես նաև բարձրաձայնված խնդիրները:

Վարչապետը հանձնարարել է հարցման արդյունքների վերաբերյալ ողջ տեղեկատվությունը փոխանցել Պաշտպանության նախարարությանը՝ վարժանքների հետագա կազմակերպման գործընթացում այն հաշվի առնելու և ներկայացված խնդիրները լուծելու նպատակով:

Մեկնաբանել