Ցմահ դատապարտյալների բաց նամակը Գարեգին Բ-ին

«Վեհափառ Տեր,

Մեկ ամիս անց մենք բոլորս տոնելու ենք ՀՀ անկախության հռչակման 21-րդ տարեդարձը: Աշխարհի տարբեր երկրներում կրոնական ու պետական տոների կապակցությամբ հաճախ են հայտարարվում ներումներ ու համաներումներ:

Մամուլից տեղեկացանք, որ, օրինակ, Ռամադանի տոնի առիթով Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Համենեին համաներում է հայտարարել: Իրանի դատական համակարգի նախագահ Սադիգ Ամոլի Լարիջանին գրավոր դիմել է նրան` խնդրելով հոգևոր առաջնորդին համաներում հայտարարել մի շարք քաղաքական, ռազմական ու քաղաքացիական հանցագործությունների համար: Իրանական մամուլը գրեց, որ առաջին անգամ համաներվողների ցանկում հայտնվել են նաև ծանր հանցագործությունների մեջ մեղադրված անձինք, անգամ ցմահ դատապարտյալները` բացառությամբ զինված հարձակման, հայրենիքի դավաճանության, ազգային անվտանգությանը սպառնացող հանցագործության մեջ մեղադրվածների:

Այս տարվա գարնանը Սուրբ Զատկի կապակցությամբ ներում հայտարարվեց նաև հարևան Վրաստանում: Ներումների վիճակագրությունը ուսումնասիրելով` տեղեկացանք, որ եվրոպական երկրներում` Դանիայում, Հոլանդիայում, ներման ինստիտուտը պարբերաբար գործում է ու տարածվում հենց ծանր հանցագործությունների համար մեղադրված անձանց վրա: Օրինակ` Դանիայում ցմահ դատապարտյալին թագավորը կամ թագուհին 12 տարի անց կարող է ներում շնորհել` 5 տարվա փորձաշրջանով:

Հայաստանում թեև մի քանի համաներումներ եղել են պետական տոների առթիվ, սակայն դրանք երբևէ չեն տարածվել ցմահ դատապարտյալների վրա: Անգամ Հայաստանում Քրիստոնեությունը` որպես պետական կրոն հռչակելու 1700-ամյակի կապակցությամբ հայտարարված համաներումը դարձյալ շրջանցեց պատժի առավելագույն չափի դատապարտյալներին: Այնինչ Ներումը Քրիստոնեության գերագույն սկզբունքն է: Փաստորեն, հարևան մուսուլմանական երկրում` Իրանում, անդրադարձան ցմահ դատապարտյալներին, իսկ աշխարհում առաջինը Քրիստոնեությունը պետականորեն ընդունած Հայաստանում մինչ օրս դատապարտյալների այս խումբը մշտապես դուրս է մնացել բոլոր համաներումների ցանկերից:

Վեհափառ Տեր, հաշվի առնելով, որ ՀՀ գոյության շուրջ 21-ամյա պատմության մեջ երբևէ անդրադարձ չի կատարվել ցմահ դատապարտյալների խնդիրներին, տեղի չեն ունեցել գործերի ու պատժաչափերի վերանայումներ, որ դատավճիռներից շատերը կայացվել են նորանկախ պետության առաջին տարիներին, երբ սաղմնավորման փուլում էին պետական համակարգերն, այդ թվում և դատականը, նաև այն, որ ցմահ դատապարտյալների թիվը, համեմատած մեր պետության չափ բնակչություն ունեցող այլ երկրների, անհամեմատ շատ է` դիմում ենք Ձեզ` խնդրելով Ձեր հայրապետական հորդորն ուղղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որպեսզի անկախության տոնի կապակցությամբ ներման կամ համաներման միջոցով անդրադարձ կատարվի նաև ցմահ դատապարտվածների` մասնավորապես առաջին դավածությամբ, արդեն տասնհինգ տարի և ավելի պատիժը կրող անձանց ճակատագրերին:

Հ.Գ. Վերջին երկու տարիներին մտավորականների, արվեստի գործիչների, քաղաքացիական հասարակության բազմաթիվ ներկայացուցիչների կողմից ստորագրահավաքներ են կազմակերպվել, դիմումներ են գրվել ՀՀ նախագահին` ներման, համաներման կամ թե գործերի ու պատժաչափերի վերանայման խնդրանքով: Սակայն դրանք մնացել են անպատասխան»,- նշված է բաց նամակում:


Մեկնաբանել