Վերելակներ, խաղադաշտեր, այգիներ. քաղաքապետարանի խոստումների հետքերով

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck, #խոստմնացույց

2022-ին Երևանի քաղաքային իշխանությունները երևանցիներին բազմաթիվ խոստումներ էին տվել, որոնք վերաբերում էին մայրաքաղաքում տարվա ընթացքում ծրագրված կապիտալ աշխատանքներին, տրանսպորտային համակարգի բարեփոխումներին և այլն։

#CivilNetCheck-ն արդեն իսկ մանրամասն անդրադարձել է տրանսպորտային համակարգի բարեփոխումների վերաբերյալ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի ուշացող և չկատարված խոստումներին։

Սակայն միայն տրանսպորտին վերաբերող խոստումները չէ, որ չեն իրագործվել կամ թերակատարվել են։

2022-ին տեղադրվել է նախատեսված վերելակների 80%-ը, 2023-ի վերելակների մրցույթը դեռ չի հայտարարվել

Երևանի ավագանին 2022-ի մարտի 16-ին ընդունել էր քաղաքի լրամշակված բյուջեի նախագիծը, որով նախատեսվել էր տարվա ընթացքում իրագործել մի շարք նախագծեր։ Դրանցից մեկը բազմաբնակարան շենքերում համայնքային բյուջեի միջոցներով վերելակների փոխարինման ծրագիրն էր, ըստ որի՝ մինչև 2022-ի տարեվերջ Երևանում պետք է տեղադրվեր 467 նոր վերելակ։

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր 460 վերելակի և մի շարք այլ կատարվելիք աշխատանքների մասին։

Քաղաքապետարանից #CivilNetCheck-ին հայտնեցին, որ 2022-ին նախատեսված 467 վերելակից (այդ թվում 2021-ի ծրագրից մնացած 46 վերելակ) փոխարինվել է 382-ը կամ մոտ 80%-ը։

Երևանում, ընդհանուր առմամբ, մոտ 4700 վերելակ կա, որոնցից փոխարինման ենթակա է 3500-ը։ Նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավարման տարիներին փոխարինվել է ընդհանուր 574 վերելակ՝ 20՝ 2019-ին, 500՝ 2020-ին և 54 վերելակ՝ 2021-ին։

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը 2022-ի նոյեմբերին հայտարարել էր 2023-ին 700 վերելակների տեղադրման մասին և հայտնել, որ շուտով դրանց ձեռքբերման մրցույթ կհայտարվի։

«Մոտակա ժամանակ արդեն մրցույթ կհայտարարենք 2023-ին 700 վերելակների փոխարինման աշխատանքների ձեռքբերման համար»,- հայտնել էր Սարգսյանը։

Նշված 700 վերելակների ձեռքբերման մրցույթը մինչ այժմ չի հայտարարվել։ Սարգսյանը դեկտեմբերի 27-ի ֆեյսբուքյան հրապարակմամբ նշել է, որ «Երևանի զարգացման 2023թ. ծրագրով» նախատեսվում է քաղաքում փոխարինել ընդամենը 100 վերելակ, սակայն քաղաքապետարանի մամուլի բաժնից վստահեցնում են 700 վերելակ ձեռք բերելու մտադրության մասին և նշում, որ մրցույթը շուտով կհայտարարվի։

Մալաթիա-Սեբաստիայում զբոսայգու հիմնանորոգումը ձգձգվում է

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ֆեյսբուքյան հրապարակմամբ նաև հայտնել էր 2022-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Հաղթանակի 40-ամյակի հուշահամալիրի զբոսայգու հիմնանորոգման և դրանում շատրվանների գործարկման մասին։

Նորաբաց զբոսայգին 1985-ին. Լուսանկարը՝ Վլադիմիր Սարոյանի

Հայրենակամ մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին նվիրված հուշահամալիր-այգին կառուցվել է 1985-ին։ Զբոսայգին և շրջակա տարածքը տարիներ շարունակ անմխիթար վիճակում են, դրա վերանորոգման մասին խոստանում էին դեռ նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի կառավարման ժանանակ։

#CivilNetCheck-ը այցելեց հուշահամալիրի զբոսայգի․ շատրվանների կասկադը և հարակից տարածքը հիմնանորոգման համար գրեթե ամբողջությամբ քանդվել է, որոշ մասերում երեսպատման նոր սալիկներ են ամրացվել։

Այցելության ժամանակ զբոսայգում շինարարություն չէր ընթանում. քաղաքապետարանի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ «այգու բարեկարգման աշխատանքների ընթացքում ի հայտ են եկել լրացուցիչ խնդիրներ…», ինչի պատճառով աշխատանքները հետաձգվել են մինչև 2023-ի հուլիս։

Զբոսայգու տեսքը վերևից՝ մինչև շինաշխատանքների մեկնարկը

Թենիսի խոստացված երկու կորտերը կառուցվել են, իսկ ֆուտբոլի 20 խաղադաշտերից կառուցվել է միայն 6-ը

Քաղաքապետ Սարգսյանը 2022-ի բյուջեով նախատեսված հատկանշական ծրագրերի շարքում նշել էր նաև Շենգավիթ վարչական շրջանում համայնքային բյուջեով նախատեսվող թենիսի երկու կորտերի և ֆուտբոլի 20 խաղադաշտի կառուցման մասին։

Քաղաքապետարանից հայտնում են, որ 2022-ի ընթացքում երկու կորտերն էլ կառուցվել են, սակայն 20 ֆուտբոլային խաղադաշտից, որ մինչև տարեվերջ պետք է պատրաստ լինեին, կառուցվել է միայն 6-ը։

էլեկտրոնային համակարգ՝ համատիրությունների աշխատանքին հետևելու համար

Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը 2022-ի մարտին հայտնել էր, որ քաղաքապետարանը մտադիր է էլեկտրոնային համակարգ ներդնել, որտեղ արտացոլվելու է համատիրությունների աշխատանքը։ Նա նշել էր, որ այս հարթակի միջոցով բնակիչը հնարավորություն է ստանալու տեսնել համատիրության մուտքագրված և ծախսագրված միջոցները, ֆինանսական շարժը։

«Յուրաքանչյուր բնակիչ կարող է տեսնել՝ իր վճարած գումարը մուտքագրվե՞լ է տվյալ համատիրության հաշվեհամարին, թե՞ ոչ։ Այս հարթակում հնարավորություն է լինելու քննարկել տարբեր հարցեր, բնակիչները կարող են առաջարկություններ ներկայացնել։ Սա բաց և թափանցիկ հարթակ է լինելու»,- հայտնել էր Կարոյանը։

#CivilNetCheck-ը հարցում արեց քաղաքապետարան՝ պարզելու՝ հարթակը պատրաստ է, թե ոչ։ Պարզվեց՝ համակարգը դեռ չի ներդրվել:

Քաղաքապետարանից տեղեկացրին, որ «Համատիրությունների մասին օրենք»-ում նախատեսվում են փոփոխություններ և լրամշակումներ, որոնք հաշվի առնելով և որոնց համատեքստում նոր հնարավոր կլինի ներդնել համակարգը՝ «հաշվի առնելով ոլորտի սպեցիֆիկան և ուղղությունները»:

«Այժմ այդ ամենը քննարկման փուլում է, որից հետո կոնկրետ լուծումների ու համակարգի ներդրման հետ կապված կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- նշվում է քաղաքապետարանի պատասխանում։

Հունվար 17-ին Ազգային ժողովն ընդունեց ««Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով բազմաբնակարան շենքի կառավարումը կդիտարկվի որպես մասնագիտացված գործունեություն:

Այսպիսով, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի խոստացած և նախորդ տարվա քաղաքային բյուջեով նախատեսված մի շարք ծրագրեր չեն կատարվել կամ, ինչպես տրանսպորտի բարեփոխումների դեպքում, ձգձգվում են։

Մեկնաբանել