Կառավարության` «Հարսնաքարի» գործով պատասխանը ԱԺ պատգամավորներին

«Հարգարժան պատգամավորներ,

Ի պատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությանն ուղղված 2012 թվականի հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ Ձեր N-Ն-ՄԱԳ-001 գրությամբ ներկայացված հարցերի` հայտնում ենք, որ.

1. Դեպքը տեղի է ունեցել 17.06.2012թ., ժամը 22:30-ի սահմաններում: 18.06.2012թ. ժամը 01.50-ին ՀՀ ՊՆ Կենտրոնական զինվորական հոսպիտալից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ «գանգուղեղային տրավմա ախտորոշմամբ» իրենց մոտ են տեղափոխվել Արտակ Բայադյանը (աշխատում է ՀՀ ՊՆ թիվ 14203 զ/մ կենտրոնական զինվորական հոսպիտալում որպես բժիշկ, կապիտան) և Վահե Ավետյանը (նույն հոսպիտալի բժիշկ, մայոր): Ըստ բժշկի կողմից տրված տեղեկանքի` Վ. Ավետյանը և Ա. Բայադյանը գտնվել են ծանր վիճակում և ի վիճակի չեն եղել հաղորդում տալու: Հաղորդումը ստանալուց անմիջապես հետո կատարվել են համապատասխան դատավարական գործողություններ, և նույն օրը՝ դեպքից ժամեր անց (18.06.2012թ.), ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնում ՀՀ ՔՕ-ի 112-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Քրգործի հարուցման առաջին օրը հանցագործությունից տուժած անձանց հնարավոր չի եղել հարցաքննել՝ վերջիններիս առողջական վիճակի պատճառով: Նույն օրը գործով որպես վկաներ հարցաքննված «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցները ցուցմունքներ են տվել, որ Վահե Ավետյանն ու նրա ընկերներն են սկսել կռիվը, որի պատճառով էլ նախաքննական մարմինը, ղեկավարվելով ՀՀ քրդատ օրենսգրքի 190-րդ հոդվածով, հունիսի 18-ին որոշում է կայացրել քրգործն ըստ քննչական ենթակայության` ՀՀ ՊՆ քննչական վարչություն ուղարկելու մասին: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի 19.06.12թ. որոշմամբ վերացվել է քրգործն ըստ ենթակայության ուղարկելու մասին որոշումը և քրգործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչությանը:

2. Կատարված հանցագործությանը մասնակցելու համար ՀՀ ՔՕ-ի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին (երկու կամ ավելի անձանց առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելը) եւ 6-րդ (մի խումբ անձանց կողմից առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելը) կետերով մեղադրանք է առաջադրվել վեց անձանց՝ Գարիկ Մարգարյանին, Արման Խաչատրյանին, Արման Բաղդասարյանին, Նորայր Հայրապետյանին, Արթուր Բաբլոյանին, Դավիթ Ադամյանին:

Նշանակված դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները ստանալուց հետո, հիմք ընդունելով դրանք, ինչպես նաև նախաքննության շրջանակներում ձեռք բերված մյուս ապացույցները, 2012թ. հուլիսի 31-ին որոշում է կայացվել նախկինում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով առաջադրված մեղադրանքներից ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելը) առաջադրված մեղադրանքի մասը վերացնելու, ինչպես նաև կալանավորվածներին նախկինում առաջադրված մեղադրանքները ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով, ինչպես նաև 118-րդ հոդվածով փոփոխելու և լրացնելու մասին, որից հետո նրանց նոր մեղադրանքներ են առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ (մի խումբ անձանց կողմից դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը), 14-րդ (անձի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը) կետերով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին (երկու անձանց առողջությանը դիտավորությամբ միջին ծանրության վնաս պատճառելը) եւ 3-րդ (մի խումբ անձանց կողմից դիտավորությամբ անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) կետերով և 118-րդ հոդվածով (ծեծը):

Նախաքննական մարմնի միջնորդությամբ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորում:

Ըստ նախաքննության շրջանակներում 2012 թվականի օգոստոսի 3-ի դրությամբ ձեռք բերված ապացույցների՝ դեպքին մասնակցել են նաեւ այլ անձինք, որոնց ինքնությունները պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:

Նախքան ծեծը տեղի ունեցած միջադեպի մասով հարցաքննվել են ականատես անձինք, իսկ բուն դեպքին՝ Վահե Ավետյանի և մյուսների ծեծին ականատեսներ, ըստ քրեական գործի տվյալների, չեն եղել: Չնայած դրան, կատարվում են համապատասխան քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հնարավոր ականատես անձանց հայտնաբերելու և հարցաքննելու ուղղությամբ:

3. 2012 թվականի օգոստոսի 3-ի դրությամբ նախաքննության շրջանակներում քննության առարկա են դարձվել պարզաբանման ենթակա բազմաթիվ հարցեր, այդ թվում` գրությամբ ներկայացված հարցաշարի 3-րդ կետում թվարկված հարցերը: Այսպես`

3.1. Դեպքը տեղի է ունեցել 17.06.2012թ., ժամը 22.30-ի սահմաններում: Վահե Ավետյանի և նրա ընկերների ծեծը տեղի է ունեցել «Հարսնաքար» ռեստորանային համալիրի ավտոկայանատեղիում: Բացի դեպքի մասնակիցներից, ըստ քրեական գործի տվյալների, այլ անձինք ներկա չեն գտնվել: Ամեն դեպքում, դեպքի վայրում այլ անձանց հնարավոր ներկայությունը պարզելու նպատակով կատարվում են համապատասխան քննչական և օպերատիվ-հետախուզական գործողություններ,

3.2. Ըստ նախաքննության շրջանակներում 2012 թվականի օգոստոսի 3-ի դրությամբ ձեռք բերված ապացույցների` Վահե Ավետյանին և մյուսներին ծեծի ենթարկելու հրահանգ որևէ մեկի կողմից չի տրվել: Նախաքննության շրջանակներում 2012 թվականի օգոստոսի 3-ի դրությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն, բոլոր վեց մեղադրյալները խմբով ծեծի են ենթարկել Վահե Ավետյանին և մյուսներին:

Նախաքննության շրջանակներում 2012 թվականի օգոստոսի 3-ի դրությամբ պարզվել է նաև, որ սկզբում վեճ է առաջացել «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մատուցող Դավիթ Ադամյանի և Վահե Ավետյանի միջև, որի ընթացքում Դավիթ Ադամյանը բռունցքով հարվածել է Վահե Ավետյանի դեմքին` քթի շրջանում պատճառելով մարմնական վնասվածք,

3.3. Նախաքննության ընթացքում, դատարանի թույլտվությամբ, ստացվել են բոլոր 6 մեղադրյալների հեռախոսազանգերի վերծանումները, որոնցով հաստատվել են դեպքի ժամանակ դեպքի վայրում նրանց գտնվելու հանգամանքը: Դրանցով հերքվել են մեղադրյալներից ոմանց այն ցուցմունքները, որ իրենք դեպքի ժամանակ դեպքի վայրում չեն գտնվել:

Ըստ վերծանումների՝

– մեղադրյալ Արթուր Բաբլոյանին պատկանող 2 բջջային հեռախոսահամարները, դեպքի օրը՝ 2012թ. հունիսի 17-ին, ժամը 19:00-ից 24:00-ն ընկած ժամանակահատվածում ունեցել են 8 մուտքային և ելքային զանգեր,

– մեղադրյալ Գարիկ Մարգարյանին պատկանող 3 բջջային հեռախոսահամարները, դեպքի օրը՝ 2012թ. հունիսի 17-ին, ժամը 19:00-ից 24:00-ն ընկած ժամանակահատվածում ունեցել են 4 մուտքային և ելքային զանգեր,

– մեղադրյալ Նորայր Հայրապետյանին պատկանող բջջային հեռախոսահամարը, դեպքի օրը՝ 2012թ. հունիսի 17-ին, ժամը 19:00-ից 24:00-ն ընկած ժամանակահատվածում ունեցել է 18 մուտքային և ելքային զանգեր,

– մեղադրյալ Դավիթ Ադամյանին պատկանող բջջային հեռախոսահամարը, դեպքի օրը՝ 2012թ. հունիսի 17-ին, ժամը 19:00-ից 24:00-ն ընկած ժամանակահատվածում ունեցել է 5 մուտքային և ելքային զանգեր,

– մեղադրյալ Արման Բաղդասարյանին պատկանող բջջային հեռախոսահամարը, դեպքի օրը՝ 2012թ. հունիսի 17-ին, ժամը 19.00-ից 24:00-ն ընկած ժամանակահատվածում ունեցել է 19 մուտքային և ելքային զանգեր,

– մեղադրյալ Արման Խաչատրյանին պատկանող բջջային հեռախոսահամարը, դեպքի օրը՝ 2012թ. հունիսի 17-ին, ժամը 19.00-ից 24.00-ն ընկած ժամանակահատվածում ունեցել է 17 մուտքային և ելքային զանգեր:

Նկատի ունենալով, որ դեպքի այլ հնարավոր մասնակիցներին պարզելու նպատակով դեռևս կատարվում են համապատասխան քննչական գործողություններ, այդ թվում՝ վերծանումների շուրջ քննություն, ուստի նախաքննության տվյալ փուլում, նախաքննության շահերից ելնելով, նպատակահարմար չէ հրապարակել վերծանումներում արտացոլված, մեղադրյալների հետ փոխադարձ հեռախոսակապի մեջ գտնված հեոախոսահամարների բաժանորդների տվյալները,

3.4. Ըստ նախաքննության շրջանակներում 2012 թվականի օգոստոսի 3-ի դրությամբ ձեռք բերված ապացույցների՝ դեպքի ժամանակ մեղադրյալների կողմից հնչել են հայհոյանքներ տուժողների հասցեին: Դեպքի ժամանակ որևէ առարկա կամ գործիք չի կիրառվել,

3.5. Վեց մեղադրյալներն էլ ենթարկվել են դատաբժշկական փորձաքննությունների, որոնց արդյունքում պարզվել է, որ Արթուր Բաբլոյանի և Գարիկ Մարգարյանի վրա կան մարմնական վնասվածքներ, որոնք սակայն առողջության թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակում: Մյուսների վրա մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել: Մեղադրյալների հագուստների վրա ֆիզիկական ուժի, բռնության գործադրման հետքեր չկան,

3.6. Ըստ նախաքննության շրջանակներում 2012 թվականի օգոստոսի 3-ի դրությամբ ձեռք բերված ապացույցների՝ Վահե Ավետյանին ծեծի են ենթարկել բոլոր վեց մեղադրյալները, որի արդյունքում նրան պատճառվել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ:

4. Ըստ նախաքննության շրջանակներում 2012 թվականի օգոստոսի 3-ի դրությամբ ձեռք բերված ապացույցների` պարզվել է, որ դեպքի վայրի այն հատվածում, որտեղ ծեծի են ենթարկվել Վահե Ավետյանն ու նրա ընկերները` տեսախցիկներ տեղադրված չեն, իսկ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մնացած տարածքը չի տեսանկարահանվել, այսինքն՝ կատարվել է միայն դիտարկում և ոչ թե տեսագրում, քանի որ նախքան դեպքը (դեպքի օրվանից ամիսներ առաջ) տեսագրող համակարգից անսարքության պատճառով հանված է եղել համակարգի ձայնագրող սարքը:

5. Ըստ նախաքննության շրջանակներում 2012 թվականի օգոստոսի 3-ի դրությամբ ձեռք բերված ապացույցների` պարզվել է, որ միջադեպի ժամանակ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի ամառային սրահում եղել են նաև այլ այցելուներ, որոնց ինքնությունները պարզելուն ուղղված քննչական գործողություններն ու օպերատիվ-հետախուզական միջոցառումները դեռևս դրական արդյունք չեն տվել: Ըստ քրեական գործի տվյալների` ամառային սրահում առաջացած վեճը, իսկ հետագայում նաև բուն դեպքը կանխող կամ կանխելու փորձ կատարող անձինք չեն եղել:

6. Քրեական գործով կալանավորված են ոչ թե յոթ, այլ վեց անձինք`

Գարիկ Մարգարյանը («Հարսնաքար» ռեստորանային համալիրի անվտանգության աշխատակից),

Արման Խաչատրյանը («Հարսնաքար» ռեստորանային համալիրի անվտանգության աշխատակից),

Արման Բաղդասարյանը («Հարսնաքար» ռեստորանային համալիրի անվտանգության աշխատակից),

Նորայր Հայրապետյանը («Հարսնաքար» ռեստորանային համալիրի անվտանգության աշխատակից),

Արթուր Բաբլոյանը («Հարսնաքար» ռեստորանային համալիրի վարորդ-առաքիչ),

Դավիթ Ադամյանը («Հարսնաքար» ռեստորանային համալիրի մատուցող):

Նրանց և «Դավիթ Դ.Վ.Ս» ՍՊ ընկերության (այդ ընկերությանն Է պատկանում «Հարսնաքար» ռեստորանային համալիրը) միջև կնքվել են աշխատանքային պայմանագրեր, որոնց համաձայն`

– «Անվտանգության աշխատողները պարտավոր են հետևել անվտանգությանը, կարգուկանոնին, հետևել սպասարկվող բնակչության ապահովությանը և անվտանգությանը, անհրաժեշտության դեպքում դիմել համապատասխան կառույցներին»,

– «Վարորդ-առաքիչը պարտավոր Է հետեւել ավտոմեքենայի անվտանգությանը, մատակարարմանը եւ առաջարկվող ապրանքները ժամանակին հասցնել սպառողին»,

– «Մատուցողը պարտավոր Է կատարել տնօրինության տված հանձնարարությունները պատշաճ ձևով, հետևել սպասարկվող հաճախորդի տրված ճաշացանկին, ուշադիր հետևել սպասարկվող և մատուցվող սննդակարգին»:

7. Ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից հանրային սննդի օբյեկտների, դրանց աշխատակիցների և հաճախորդների անվտանգության ապահովման հետ կապված հարաբերությունները ներկայումս որևէ իրավական ակտով կարգավորված չեն: Դրանց կարգավորումները նախատեսված են «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» ՀՀ օրենքով, որը պետք է ուժի մեջ մտնի 2013 թվականի հունվարի 1-ից:

Ինչ վերաբերում է ընդհանրապես զենք գործադրելու իրավական հիմքերին, ապա հայտնում ենք, որ զենք կրելու և օգտագործելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Զենքի մասին» ՀՀ օրենքով: Մասնավորապես.

Օրենքի 10-րդ հոդվածի համաձայն՝ զենք ձեռք բերելու և օգտագործելու իրավունք ունեն մի շարք սուբյեկտներ, որոնց թվում են նաև ՀՀ քաղաքացիները և հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձինք:

Օրենքի 3-րդ հոդվածի համաձայն, անձը իրավունք ունի կրելու քաղաքացիական զենք, որը որսորդության կամ սպորտով զբաղվելու համար նախատեսված լինելուց բացի, նախատեսված է նաև քաղաքացիների ինքնապաշտպանության, այն է` անհրաժեշտ պաշտպանության կամ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում գործադրելու համար, որի կանոնները և կոնկրետ դեպքերը սահմանվում են նույն օրենքի 24-րդ հոդվածով:

Օրենքի 12-րդ հոդվածի համաձայն՝ հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձինք իրավունք ունեն ձեռք բերելու քաղաքացիական և ծառայողական զենք: Նշված անձանց ծառայողական զենք պահել, կրել և օգտագործել թույլատրվում է միայն ինքնապաշտպանության կամ օրենքով իրենց վրա դրված քաղաքացիների կյանքի, առողջության, սեփականության պահպանության պարտականությունների կատարման համար՝ նկատի ունենալով օրենքի 4-րդ հոդվածի պահանջները:

«Հարսնաքար» ռեստորանային համալիրում անվտանգությունն ապահովող անձանց վրա` քաղաքացիների կյանքի, առողջության, սեփականության պահպանության պարտականություններ օրենքով դրված չեն եղել, վերջիններս իրենց գործունեությունն իրականացրել են աշխատանքային պայմանագրով, որով ուժ կամ զենք կիրառելու հետ կապված դրույթներ, բնականաբար, նույնպես նախատեսված չեն եղել:

8. Հանցագործությունների հաշվառումը և վիճակագրությունը տարվում են համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի՝ ըստ բնույթի և հանրության համար վտանգավորության աստիճանի:

Հարցում նշված հատկանիշներով հանցագործությունների հաշվառում չի կատարվում:

9. ՀՀ օրենքներով մասնավոր տարածքների սեփականատերերի կամ դրանք օգտագործողների համար տեսանկարահանման սարքավորումներ տեղադրելու պարտականություն սահմանված չէ: Հաշվի առնելով այդ հանգամանքը, ՀՀ ոստիկանության կոլեգիայի 29.07.2011թ. որոշման պահանջների համաձայն՝ հանցավորության դեմ պայքարն առավել արդյունավետ և արդի միջոցներով կազմակերպելու, հետագայում արտաքին տեսադիտման մեկ միասնական համակարգ ձեւավորելու համար, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունների պետերին հանձնարարվել է սպասարկվող տարածքներում գործող տնտեսվարող սուբյեկտների հետ տանել ամենօրյա բացատրա-քարոզչական աշխատանքներ՝ առավել ռիսկային օբյեկտները (խաղատներ, հյուրանոցներ, բանկեր, գրավատներ, խանութներ, դեղատներ եւ այլն) արտաքին տեսադիտման և տեսաձայնագրման սարքավորումներով վերազինելու ուղղությամբ»,- նշված է պատասխանում:

Հավելենք, որ նախաքննական մարմինը մերժել է Ռուբեն Հայրապետյանին «Հարսնաքար»-ի գործով որպես կասկածյալ ներգրավելու և նրա հեռախոսազանգերը վերծանելու և հարուցված քրեական գործը սպանություն վերաորակելու մասին Վահե Ավետյանի իրավահաջորդի փաստաբանների միջնորդությունները:

Մեկնաբանել