Թաթա Շոշիաշվիլի, OC Media
ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի անդամ Վիկտոր Սոբոլևը և Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը վիճաբանել են ռուսական բանակում չսափրված զինվորների թեմայով։
Կադիրովի և Սոբոլևի միջև հակամարտությունը սկսվել է այն բանից հետո, երբ ռուսական ՌԲԿ լրատվականն այդ թեմայով նյութ է հրապարակվել։
«Առաջնագծի զինվորների մոտ լարվածություն են ստեղծել՝ սափրելով նրանց մորուքը, կտրելով մազերը և կիրառելով միատեսակ ստանդարտներ, ինչը, մեղմ ասած, դժվար է պահպանել ռազմաճակատի պայմաններում»,- գրել է ՌԲԿ-ն՝ հղում անելով լրագրող Դանիլ Բեզսոնովին։
«Ես իսկապես հուսով եմ, որ սա թյուրիմացություն է, ինչ-որ մեկը ինչ-որ բան սխալ է հասկացել: Հակառակ դեպքում, դա կարծես դիվերսիա լինի»,- ասել է Բեզսոնովը:
Ռուսական բանակի նախկին գեներալ Սոբոլևը ՌԲԿ-ին ասել է, որ բանակում ամեն ինչ պետք է լինի այնպես, ինչպես պետք է, «սա զինվորական կարգապահության տարրական պահանջ է, զինվորը պետք է զինվոր լինի»։
«Չեմ կարծում, որ նույնիսկ ամենաինտենսիվ մարտական իրավիճակներում մաքրվելու համար 15-20 րոպե չկա,- շարունակել է Սոբոլևը:- Եթե ինչ-որ մեկը քայլում է չկտրված մազերով և չսափրված, ապա դա նրան հարիր չէ ո՛չ որպես մարդ, ո՛չ որպես զինվոր»,- ասել է Սոբոլևը։
Ռուսական ռազմական կանոնակարգում ասվում է, որ յուրաքանչյուր զինծառայող պետք է «խստորեն պահպանի անձնական և հասարակական հիգիենայի կանոնները», և անձնական հիգիենայի պահանջները կանոնավոր լվացումից բացի ներառում են դեմքը ժամանակին սափրելը:
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Telegram-ի իր ալիքում կոշտ է արձագանքել Սոբոլևի մեկնաբանություններին՝ դրանք անվանելով «սադրանք», և ասելով, որ «մեր խմբի անդամների 99,9%-ը մորուք է կրում»։
Մուսուլմաններից շատերը մորուք պահելը համարում են կրոնական անհրաժեշտություն:
Կադիրովն առաջարկել է «[ռուսական ռազմական] կանոնադրության պահապաններին» ուղարկել առաջնագիծ։
«Սոբոլևը հիանալի գիտի, թե ով և ինչու է մորուք կրում առաջնագծում։ Ուստի ես միանգամայն համոզված եմ, որ սա բացահայտ սադրանք է, որի նպատակն է մարել հանուն Ամենակարողի սուրբ պատերազմի մեջ գտնվող զինվորների մարտական ոգին, որոնք միայն հանուն Ամենակարողի են մորուք կրում, ինչպես մեր սիրելի մարգարեն»,- գրել է Կադիրովը։
Դոնեցկի ռուսական օկուպացիոն իշխանությունների ղեկավար Դենիս Պուշիլինը Telegram-ում տեսանյութ է հրապարակել՝ ասելով, որ «նման հրամաններ [սափրվելու մասին] չեն ուղարկվել»։
«Ես կապվեցի մեր պարետատան հետ և ճշտեցի՝ այսպիսի «փայլուն գաղափարներով» տեսուչներ չեն եկել»,- ասել է նա։
Կադիրովի կշտամբանքից հետո Սոբոլևը կարծես հետ է կանգնել խոսքից՝ ՌԲԿ-ին ասելով, որ իրականում դեմ է ոչ թե «մորուքներին», այլ զինվորների անփութությանը: Նա գովաբանել է Չեչնիայից ժամանած զինվորներին՝ ասելով, որ այցելել է գունդ՝ նախքան նրանց Ուկրաինա ուղարկելը, և որ նրանք «հիանալի տեսք ունեին»։
«Բոլորը մորուք ունեին, և ոչ ոք դեմ չէր, այդ թվում՝ ես։ Պահանջել, որ նրանք սափրվեն, հիմարություն կլինի»,- ասել է Սոբոլևը։