Հանրային դժգոհությունները եռում են, կառավարությունը չնկատելու է տալիս

Լուսանկարում՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության 6-րդ համագումարը, հոկտեմբերի 29, 2022։

Հունվարի 16-ին Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստին Լամբրեխտը հրաժարական տվեց: Հանրային լայն դժգոհություն էին առաջացրել Լամբրեխտի 2023-ի Ամանորի ուղերձը Բեռլինում տեղի ունեցող հրավառության ֆոնին (նա Ուկրաինային 5000 սաղավարտների մատակարարումը ներկայացրել էր որպես զորեղ աջակցություն) և որդու հետ ռազմական ուղղաթիռով արձակուրդի մեկնելը։

2012-ին հրաժարական էր տվել Գերմանիայի պաշտպանության նախարար Կառլ-Թեոդոր ցու Գուտենբերգը, երբ պարզվել էր, որ նա իր դոկտորական աշխատանքում գրագողություն է արել։

2017-ին հրաժարական տվեց Ավստրալիայի պաշտպանական արդյունաբերության նախարար Քրիստոֆեր Փայնը մտերիմ ընկերոջ և լոբբիստի հետ հարաբերությունների հետ կապված սկանդալից հետո:

2011-ին հրաժարական տվեց Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Լիամ Ֆոքսը, երբ պարզվեց, որ ընկերն ուղեկցել է նրան պաշտոնական հանդիպումներում՝ չունենալով դրա լիազորությունը։

Հայկական չափորոշիչներով այս «անհեթեթ» պատճառներով հրաժարականներից բացի՝ բազմաթիվ են դեպքերը, երբ երկրների ղեկավարները կամ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ հրաժարական են տվել մարդկանց մահվան հանգեցրած դեպքերից հետո։

2019-ին Նոր Զելանդիայում հրաժարական տվեց վարչապետ Յասինդա Արդերնը Քրիսթչըրչ մզկիթում 51 մահվան հանգեցրած ահաբեկչական հարձակումից հետո: (Դրանից հետո վերընտրված Արդերնը բառացիորեն երեք օր առաջ կրկին հրաժարական տվեց՝ այլ պատճառով)։

2012-ին լիբիական Բենղազիում ԱՄՆ հյուպատոսության վրա ահաբեկչական հարձակումից հետո, որը հանգեցրեց չորս դիվանագետի մահվան, հրաժարական տվեց ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը՝ ընդունելով, որ հյուպատոսության ֆիզիկական անվտանգության հարցում եղել են թերացումներ։

Ես կարող եմ շարունակել օրինակները, երբ երկրների ղեկավարները, պաշտոնյաները քաղաքական ու բարոյական պատասխանատվություն են կրում իրենց երկրում կամ ոլորտում թերացումների ու ողբերգությունների համար։ Հասկանալի է, օրինակ, որ Հիլարի Քլինթոնը անձամբ չէր հետևելու աշխարհի որևէ երկրում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության անվտանգության բարձրացմանը։ Այնուամենայնիվ, այդ գործիչները քաղաքական պատասխանատվություն են կրում։

* * *

Հունվարի 19-ին Գեղարքունիքում զորամասերից մեկի կացարանում հրդեհի հետևանքով 15 զինծառայող է զոհվել։

Ո՛չ Հայաստանի վարչապետը, ո՛չ պաշտպանության նախարարը, ո՛չ գլխավոր շտաբի պետը հրաժարական չեն տվել։ Ընդ որում, այս դեպքի հանգամանքները պատասխանատվության շատ ավելի մեծ բեռ են դնում նշված պաշտոնյաների վրա, քան աստղանիշերից վերև նշածս բոլոր դեպքերը։

Սակայն ի՞նչ հրաժարականի մասին կարող է խոսք լինել։ Ողբերգական դեպքի նույն օրը՝ հունվարի 19-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարկ չհամարեց ընդհատել իր աշխատանքային առօրյան ու գրաֆիկը․ նա գնաց նորաստեղծ ներքին գործերի նախարարություն 2022-ի արդյունքներն ամփոփելու և խոսեց «վարորդական վկայականների տրամադրման ստանդարտը էականորեն բարձրացնելու» անհրաժեշտության մասին։ Շաբաթ օրն էլ նա մասնակցեց Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում ոստիկանության պարեկային ծառայության ստորաբաժանումների աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառումներին՝ կարծես առանձնապես ոչինչ չի պատահել երկրում։ Լրատվամիջոցներում հրապարակումներ եղան, որ միջոցառումից հետո էլ խնջույք է կազմակերպվել Իջևանի ռեստորաններից մեկում։

Օգոստոսին Սուրմալու առևտրի կենտրոնում պայթյունից երկու տասնյակ մարդ զոհվեց։ Կրկին՝ բարձրաստիճան որևէ պաշտոնյա հրաժարական չտվեց կամ չհեռացվեց (տե՛ս նախորդ սյունակս

Հունվարի 19-ի ողբերգական դեպքից անցել է չորս օր։ Երկրում սուգ չի հայտարարվել։

Հանրային դժգոհությունները եռում են, կառավարությունը չնկատելու է տալիս։

Վե՞րջը․․․

Մեկնաբանել