Պաշտպանության նախարարը չի կարող կացարանի հրդեհի դեպքի հետ կապ ունենալ, կարծում է Ալեն Սիմոնյանը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը զինվորական կացարանում հրդեհի հետևանքով 15 զինծառայողների զոհվելու դեպքից հետո պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրաժարականի վերաբերյալ «շահարկումները սին և անտեղի» է համարում։

«Պաշտպանության նախարարը որևէ ձևով չի կարող այս ամենի հետ կապ ունենալ, որովհետև իր գործառույթների մասով ինքն իր աշխատանքն ամբողջությամբ կատարել է։ Այդ քաղաքական սակարկումները պաշտպանության նախարարի վերաբերյալ սին և անտեղի եմ համարում։ Այն բարեփոխումները, որոնք պարոն Պապիկյանն իրականացնում է, նաև այն պատասխանատվությունը, որն իր վրա վերցրել է լինելով փոխվարչապետ, պատերազմից հետո նա համաձայնություն է տվել այդ վիճակում բանակը վերցնել և բարեփոխումներ անել։ Սկսած անձնակազմի փոփոխությունից, վերջացրած, հենց ամենակարևորը՝ կահավորումով, բարեփոխումներ արվել են, բոլոր տեղերում փոխվել է և փոխվում է»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սիմոնյանը։

ԱԺ նախագահի խոսքով՝ եթե քաղաքական ղեկավարության կատարած փոփոխությունները չլինեին, «նման պատահարներ ավելի շատ կարող էին լինել»։

«Այդ տնակի ամենամեծ խնդիրը եղել է այն, որ չեն պահպանվել անվտանգության կանոնները, այն է՝ պատուհաններին եղել են ճաղավանդակներ, որոնք չպետք է լինեին։ Դրա համար մարդիկ, որոնք պատասխանատու են անվտանգության համար, պատժվելու են»,- նշեց Ալեն Սիմոնյանը։

***

Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, ևս 3 զինծառայող տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։

Մեկնաբանել