Միրզոյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին է ներկայացրել Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը

Հունվարի 23-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային ավտանգության հարցերի շուրջ։

«Նախարարը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը, ադրբեջանական իշխանությունների՝ Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտման ենթարկելու շարունակական քաղաքականության հետևանքները։ Այս համատեքստում ընդգծվել է միջազգային հանրության հստակ գործողությունների կարևորությունը` Լեռնային Ղարաբաղի անմարդկային պաշարումը վերացնելու և Ադրբեջանին բանակցությունների սեղան հետ վերադարձնելու նպատակով»,- ասված է հաղորդագրությունում։

Միրզոյանը Ստոլտենբերգին նաև ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա զարգացումները:

«Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել ՀՀ-ՆԱՏՕ քաղաքական երկխոսության մակարդակի կապակցությամբ, անդրադարձ կատարել համագործակցության ներկա ծրագրերին և ապագա հեռանկարներին»,- նշում են արտաքին քաղաքական գերատեսչությունից։

2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ փակել են Լաչինի միջանցքը։ Ադրբեջանցի «բնապահպան-ակտիվիստները» «բողոքում են ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող տարածքում հանքավայրերի ապօրինի շահագործման դեմ»։ Արդեն 43 օր է՝ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհը։

Մեկնաբանել