Բլինքենն Ալիևին հորդորել է «անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը»

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ՝ հորդորելով անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը առևտրային երթևեկության համար․ այս մասին հայտնում է Պետքարտուղարության կայքը։

«Պետքարտուղարն ընդգծել է, որ Լաչինի միջանցքում մարդասիրական ճգնաժամի վտանգը խաթարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հեռանկարը: Պետքարտուղարը կոչ է արել Ալիևին կրկնապատկել Հայաստանի հետ խաղաղության երկկողմ բանակցություններին ուղղված ջանքերը: Նա նաև մտահոգություն է հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի առնչությամբ»,- ասված է հաղորդագրությունում։

***

2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատրվակով փակել են Լաչինի միջանցքը։ Ադրբեջանցի «բնապահպան-ակտիվիստները» «բողոքում են ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող տարածքում հանքավայրերի ապօրինի շահագործման դեմ»։ Արդեն 43 օր է՝ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհը։

Մեկնաբանել