Փաշինյանը ԵՄ ներկայացուցչի հետ քննարկել է Լաչինի միջանցքի և նոր առաքելության հարցերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին, հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Փաշինյանն ու Կլաարը քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, ինչպես նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, կարևորվել է հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայման վերաբերյալ ընդունված որոշումը։ Անդրադարձ է կատարվել նաև Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին:

«Վարչապետն ընդգծել է, որ դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն օրեցօր ավելի է ծանրանում ու սրվում, չեն գործում դպրոցներն ու մանկապարտեզները, առողջապահական հիմնարկներն ունեն դեղորայքի խիստ պակաս և կանգնած են լրջագույն խնդիրների առաջ: Բացի այդ, Ադրբեջանի կողմից դադարեցվել է Լեռնային Ղարաբաղի գազամատակարարումը, առկա է նաև էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիր: Կարևորելով ստեղծված իրավիճակին միջազգային հանրության հասցեական արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանը գոհունակությամբ է ընդգծել օրերս Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված բանաձևերի փաստը»,- ասված է հաղորդագրությունում։

Տոյվո Կլաարը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի արգելափակման կապակցությամբ և ընդգծել միջանցքի անխափան գործունեության անհրաժեշտությունը: Նա նշել է, որ ԵՄ-ն շահագրգիռ է տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովմամբ։

«Կողմերը մտքեր են փոխանակել Եվրոպական միության նոր քաղաքացիական առաքելության տեղակայման գործընթացի, ինչպես նաև ՀՀ-ում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումների ուղղությամբ ՀՀ-ԵՄ համատեղ ծրագրերի ընթացքի շուրջ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել