Curriculum Vitae, թե՞ ավելին

Քրիստիննե Գրիգորյան

Մայակովսկու մի բանաստեղծություն էինք անցնում մանկապարտեզներում, ասում է՝ փոքրիկ տղան եկավ հոր մոտ ու հարցրեց․

– Ինչն է լավ և ինչն է վատ։

Крошка сын к отцу пришел, и спросила кроха։

– Что такое хорошо и что такое плохо?

Հայաստանը մոնոէթնիկ, բայց բազմազան դաստիարակության և բազմազան ընտանեկան մշակույթի երկիր է։ Այս փաստի հետ առնչվել ենք երկար ու վաղուց, և մանավանդ՝ վերջին չորս տարում։

Այս «բազմամշակութայնության» արդյունքում Մայակովսկու «хорошо»-ի և «плохо»-ի կոնտեքստում կոնկրետ արարքը մեկի մեջ առաջացնում է հայկական « վայ քո» բացականչությունը, մյուսների մեջ՝ «հա, ինչ կա էդտեղ» միշտ ավելի ինքնավստահ, քան նախորդը, միշտ ավելի ամփոփիչ եզրակացությունը։ Եվ քանի որ վերջին եզրակացությունը միշտ ավելի վերջնական ու ամփոփիչ է լինում, այն ամփոփում- չեզոքացնում է առաջացած զարմանքի երկչոտ փորձը։

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով։ Ըստ ՄԻՊ հաղորդագրության՝ պաշտպանը հրաժարական է ներկայացրել այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։

Տիկին Գրիգորյանը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբաղեցրեց ուղիղ մեկ տարի։

Մայակովսկու բանաստեղծության լավի ու վատի կոնտեքստում լավ չէ, երբ մարդկանց իրավունքների պաշտպանը իր գործն ընկալում է իբրև պաշտոն, որը կարելի է փոխել։ Որովհետև զբաղեցրած պաշտոնը մի իրականության մեջ է, որտեղ սոսկալի պատերազմից հետո թշնամի բռնապետական երկրում մնացած բազմաթիվ գերիներ կան, որոնց ծնողները սպասում են, հույս ունեն, մեռնում են 24 ժամ։ Եվ երբ մենք քնում ենք, որովհետև դրսում պատերազմ չէ, նրանք չեն քնում՝ մեռնում են, որովհետև իրենց տղաները թշնամի բռնապետական երկրի բանտերում են։ Հայասատնի սահմանամերձ բնակչությունն ապրում է թշնամու հողային նկրտումների հետ շուրջօրյա։ Հայաստանում միշտ սպասում են նոր պատերազմի։ Ահա, թե ինչու եթե Ֆրանսիայի Մարդու իրավունքների պաշտպանը կարող է թողնել պաշտոնն այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ և խոստանալ պատշաճ պահի հանրությանը տեղեկացնել այլ աշխատանքի մասին տեղեկությունը, ապա այսօրվա Հայաստանում այդ պաշտոնը զբաղեցրած մարդը պարտականություն ուներ։ Սա մտնում է Մայակովսկու բանաստեղծության վատի մեջ։

Իհարկե, բազմազան դաստիարակության երկրում արդեն հնչեց՝ «հա, լավ ինչ կա էդտեղ, մարդը գործը փոխել ա» նախադասությունը՝ «այ, քեզ բան» ամփոփիչ եզրակացությամբ, բայց․․․ էդտեղ բան կա, կա՛, հաստատ կա՛․․․ եթե անգամ դուք չեք տեսնում, դա վերջնական եզրակացություն չէ։

Դպրոցի տարրական դասարանների դասղեկներից հաճախ լսել եմ, որ ուզում են հրաժարվել դասղեկությունից, բայց չեն կարող, որովհետև երեխաները սովորել են իրեն, երեխաների առաջ անհարմար են զգում, պետք է դիմանալ, միջին դասարանների դասղեկին հանձնեն՝ նոր։

Մեր զարկված իրականությունը մի դասղեկական դասարանի արժեք չունե՞ր իրավունքիս պաշտպանի աչքում։

«Բա Սերժի ժամանակ ինչի՞ չէիր ասում» հարցին պատասխանեմ, որ երբ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը 2011-ի փետրվարին հրաժարականի մասին դիմում ներկայացրեց Ազգային ժողով՝ Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ դառնալու կապակցությամբ, նույնաբովանդակ մի նյութ տպագրել եմ Zham.am կայքում, և եթե այդ կայքի ամբողջ նյութերիս արխիվը վերացած չլիներ, անպայման կհղեի։ Փաստորեն, այն դժնդակ խաղաղության պայմաններում, երբ ամեն ինչ մերն էր և հինգ հազար զոհ չկար, իսկ գերիների մասին խոսք լինել չէր կարող, ես՝ շարքային լրագրողս, կարծում էի, թե շատ բարդ իրավիճակում ենք, վարչակարգն անտանելի է, ցույցեր, ցույցեր, ցույցեր, և մեր այդ դժնդակ խաղաղության պայմաններում Մարդու իրավունքների խոստումնալից պաշտպանը չպիտի հեռանար պաշտոնից, քանի որ պաշտոն չէր, այլ խոստում։

Մեր մոնոէթնիկ և համարյա մոնոնպատակ հասարակության մեջ արմատացած մի առաջնային ու չափազանց առաջնային նպատակ կա՝ սեփական կյանքի բարելավում՝ մնացած անանձնականը տեղավորելով մի անդնախոր փիլիսոփայական հոգոցի մեջ։

Նույնիսկ անգազ, անլույս, պարբերաբար անհույս, անդեղ, անհեռանկար արցախյան բլոկադան հրաշալի իրավիճակ է Բաքվի նման քաղաքում գերի լինելու համեմատ։ Իսկ Բաքվում մենք ունենք պաշտոնական թվով 33 մարդ։

…Իսկ Հայասանում մի քանի միլիոն մարդ, որոնց իրավունքները երեկոյան քնելուց առաջ ու լուսաբացին, կամ՝ հակառակը, էապես տարբերվում են։ Դա է պատճառը, որ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը մասնագիտական աճից ու curriculum vitae լինելուց առաջ խոստում է։

Պատշաճ էր իմանալ։

Սա էր մեր միակ և գլխավոր խնդիրը, քանի դեռ կայուն ծանր էինք, քանի դեռ Չեյն-Ստոքսի շնչառության մեջ չէինք։

Մեկնաբանել