Արցախում կդադարեցվի գազալցակայանների աշխատանքը

արցախում գազ չկա

Այսօրվանից՝ հունվարի 24-ից, Ստեփանակերտում և Արցախի շրջաններում կդադարեցվի գազալցակայանների աշխատանքը, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Ադրբեջանական կողմի միջամտության պատճառով, Հայաստանից Արցախ գազամատակարարումը շարունակում է դադարեցված մնալ: Շտաբից նշում են, որ խողովակներում առկա գազի կուտակումների շնորհիվ՝ վերջին օրերին հնարավոր էր լինում գազով ապահովել առողջապահական հաստատություններին, հացի թխման արտադրամասերին, ինչպես նաև որոշակի ծավալ էր տրամադրվում գազալցակայաններին:

«Սակայն հաշվի առնելով գազալցակայններում ստեղծված հերթերը և գազի սահմանափակ ծավալը՝ որոշվել է, որ կուտակված գազն այսուհետև կտրամադրվի միայն առողջապահական հաստատություններին և կենսական նշանակության օբյեկտներին, իսկ գազալցակայանների աշխատանքը կդադարեցվի մինչև գազամատակարարման վերականգանումը: Հանրային սպասարկում իրականացնող և հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների անխափան գործունեությունն ապահովելու նպատակով նշված կազմակերպությունների ավտոմեքենաներին կտրամադրվի բենզին կամ դիզվառելիք»,- ասված է հայտարարությունում։

***

Հունվարի 21-ին ադրբեջանական կողմը կրկին ամբողջությամբ արգելափակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը։

Հունվարի 9-ին ադրբեջանական կողմը խափանվել է նաև Գորիս-Ստեփանակերտ 110 ԿՎ բարձրավոլտ միակ գիծը՝ Արցախի բնակիչներին զրկելով նաև էլեկտրական հոսանքի կայուն մատակարարման հնարավորությունից։

Եղանակային առկա պայմաններում էլեկտրաէներգիայի մատակարարումը իրականացվում է Արցախի ներքին սահմանափակ ռեսուրսների հաշվին՝ օրական արդեն 6 ժամ տևողությամբ հովհարային անջատումներով, ինչը աճելու միտում ունի։

2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ փակել են Լաչինի միջանցքը։ Ադրբեջանցի «բնապահպան-ակտիվիստները» «բողոքում են ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող տարածքում հանքավայրերի ապօրինի շահագործման դեմ»։ Արդեն 44 օր է՝ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհը։

Մեկնաբանել