Բաքվում կարծում են՝ ԵՄ առաքելությունը «պարտավորություններից խուսափելու պատրվակ է» Հայաստանի համար

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Հայաստանում Եվրամիության քաղաքացիական նոր առաքելություն տեղակայելու ԵՄ նախարարներ խորհրդի որոշման վերաբերյալ՝ նշելով, որ «ի գիտություն է ընդունել» ԵՄ որոշումը:

Ըստ ադրբեջանական կողմի՝ առաքելությունը չպետք է օգտագործվի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին «վնաս հասցնելու նպատակով»։ Ադրբեջանի ԱԳՆ-ն ընդգծում է, որ այն չպետք է խոչընդոտի նաև սահմանազատման գործընթացի, որը «պետք է իրականացվի բացառապես երկկողմ հիմունքներով»:

Նշվում է նաև, որ ԵՄ առաքելությունը Հայաստանում պետք է հաշվի առնի Ադրբեջանի շահերը։

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հիշեցնում է, որ Հայաստանում ԵՄ մոնիթորինգային գործունեությունը սկսվել է 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում Ադրբեջանի, Հայաստանի, Ֆրանսիայի առաջնորդների և ԵՄ Խորհրդի նախագահի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա։

«Ադրբեջանը համաձայնել է՝ կարծելով, որ այդ գործունեությունը կնպաստի կարգավորման գործընթացին։ Այն բանից հետո, երբ ԵՄ անդամ որոշ պետություններ կողմնակալություն ցուցաբերեցին, դիտորդական առաքելության գործունեությունն ուղեկցվեց Պրահայում ձեռք բերված համաձայնագրերի հետ լուրջ հակասություններով: Սա իր հերթին ազդել է ընդհանուր վստահության մթնոլորտի և որոշումների կայացման գործընթացի թափանցիկության վրա։ Այսպիսով, նախնական ակնկալիքները, որ ԵՄ առաքելությունն իր ներդրումը կունենա կարգավորման օրակարգի առաջմղման գործում, չարդարացան»,- ասված է հայտարարությունում։

Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը համընկավ «բոլոր ուղղություններով կարգավորման գործընթացը խափանելու Հայաստանի փորձերի հետ»։

Հայտարարությունում նշվում է, որ երկամսյա առաքելության ավարտից հետո Ադրբեջանը ԵՄ-ի հետ խորհրդակցությունների ընթացքում ներկայացրել է իր դիրքորոշումը, ակնկալիքներն ու մտահոգությունները։

«Ադրբեջանի կողմից տարբեր մակարդակներում ԵՄ ներկայացուցիչների հետ անցկացված մի շարք խորհրդակցությունների ընթացքում նշվել է՝ անհրաժեշտ է, որ Հայաստանում ԵՄ առաքելության գոյությունը Հայաստանի համար պատրվակ չդառնա իր ստանձնած պարտավորությունների կատարումից խուսափելու համար: ԵՄ առաքելության գոյության չարաշահումը վտանգավոր է, և դրանից պետք է խուսափել»,- նշված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում։

***

Հունվարի 23-ին Եվրամիության նախարարների խորհուրդում համաձայնություն էր ձեռք բերվել Հայաստան ԵՄ քաղաքացիական առաքելություն ուղարկելու վերաբերյալ։ Առաքելության նպատակը Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունություն ապահովելն է և Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԵՄ ջանքերին նպաստող միջավայր ստեղծելը։ ԵՄ առաքելությունը նախնական լինելու է երկու տարի ժամկետով։

Հայաստանի, Ադրբեջանի, Եվրոպական խորհրդի և Ֆրանսիայի առաջնորդների միջև Պրահայում կայացած հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում՝ 2022-ի հոկտեմբերի 20-ին ՀՀ-ում՝ Հայասատանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի երկայնքով տեղակայվել էր ԵՄ դիտորդական կարողության խումբ, որի նպատակ ուներ դիտարկել, վերլուծել և զեկուցել տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ Հայաստանում ԵՄ դիտորդական կարողության մանդատն ավարտվել էր դեկտեմերի 19-ին։

Մեկնաբանել