Ռուսաստանը շարունակում է Հայաստանի և Ադրբեջանի հետ «մանրակրկիտ և բարդ աշխատանքը»․ Պեսկով

Ռուսաստանը շարունակում է Հայաստանի, ինչպես նաև Ադրբեջանի հետ երկխոսությունում բավական մանրակրկիտ և բարդ աշխատանքը․ հունվարի 24-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Ռուսաստանը՝ որպես երկու տարի առաջ ստորագրված եռակողմ պայմանավորվածությունների ու փաստաթղթերի կողմ, շարունակում է կատարել իր պարտավորությունները և շարունակում է Հայաստանի, ինչպես նաև Ադրբեջանի հետ երկխոսությունում բավական մանրակրկիտ և բարդ աշխատանքը»,- հայտարարել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Կրեմլում կիսում են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հորդորը՝ «անհապաղ բացել Լաչինի միջանցքը առևտրային փոխադրումների համար»։

Լաչինի միջանցքի արգելափակումից հետո պաշտոնական Երևանը հայտարարում է, որ 2020թ. նոյեմբերյան եռակողմ հայտարարության 6-րդ կետի համաձայն՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ իրավական պարտավորություններ են դրված Ադրբեջանի և Ռուսաստանի վրա։

Հունվարի 10-ի ասուլիսի ժամանակ Փաշինյանը հայտարարեց․ «Մենք խոսում ենք այն մասին, որ եթե ՌԴ-ն այդ գործառույթը չի կարողանում իրականացնել, գուցե ինքը պետք է դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ռուս խաղաղապահներին միջազգային մանդատով օժտելու կամ Լեռնային Ղարաբաղ բազմազգ խաղաղապահ խումբ գործուղելու հարցում։ Մենք այս խոսույթը որպես ի՞նչ ենք բարձրացնում՝ այդ թվում որպես ԼՂ անվտանգության երաշխավոր երկիր։ Եթե Ձեր ասածն է, ուրեմն մենք պետք է այդ հարցով ընդհանրապես չզբաղվենք»։

Մեկնաբանել