«Քաղաքացիական պայմանագիրը» ԱԺ-ում հանդիպել է Սուրեն Պապիկյանի հետ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այսօր՝ հունվարի 24-ին, Ազգային ժողովում հանդիպել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ, տեղեկացնում է ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են զինված ուժերում իրականացվող բարեփոխումների ընթացքը, առկա մարտահրավերները և դրանց լուծման ուղիները: Երկուստեք արձանագրվել է` միասնական ջանքերով շարունակելու կառավարության կողմից որդեգրված բարեփոխումների հետևողական իրագործումը»,- գրել է նա։

Հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, ևս 3 զինծառայող տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։

Քննչական կոմիտեի նախագահն ասել էր, որ նախնական վարկածով հրդեհը տեղի է ունեցել ջեռուցման հետ կապված անվտանգության նորմերի խախտման պատճառով։

Դեպքից հետո պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պաշտոնանկության հանրային պահանջ է ձևավորվել։

Միջադեպի օրն անմիջապես պաշտոնից ազատվեցին երկրորդ բանակային կորպուսի հրամանատարը, նրա տեղակալները, զորամասի հրամանատարն ու այլ պաշտոնյաներ, ինչպես նաև ՊՆ հրդեհային անվտանգության վարչության ծառայության պետը։

Մեկնաբանել