Ալեն Սիմոնյանը եռօրյա այցով Կատարում է

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային եռօրյա այցով Կատարի Պետությունում է: Հունվարի 24-ին ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Մաջլիս ալ-Շուրայի նախագահ Հասսան բին Աբդուլլա ալ-Ղանիմին: Այս մասին հայտնում է Հայաստանի խորհրդարանի պաշտոնական կայքը։

Ալեն Սիմոնյանը նշել է, որ Արաբական աշխարհի հետ բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից է:

«Համոզված եմ` հայ-կատարական համագործակցությունը զարգացման եւ ընդլայնման մեծ ներուժ ունի, և ես` որպես ՀՀ Ազգային ժողովի նախագահ, պատրաստ եմ աջակցելու Հայաստան-Կատար փոխշահավետ համագործակցության զարգացմանը` ի շահ մեր եղբայր ժողովուրդների»,-ասել է նա:

Սիմոնյանը մանրամասներ է ներկայացրել հետպատերազմյան իրավիճակից և Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի նկրտումներից: Նրա կատարցի գործընկերն անդրադարձել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու անհրաժեշտությանը:

«Մտքեր են փոխանակվել տնտեսական համագործակցության շուրջ: Արաբ գործընկերն անդրադարձել է աշխարհում տեղի ունեցող տարաբնույթ պատերազմներին` նշելով, որ իրենց համար անընդունելի են կրոնական և ռասայական խտրականության, ագրեսիայի հիմքով մղվող պատերազմները: Կողմերն արձանագրել են, որ դրանց դեմ պայքարում խորհրդարանները մեծ անելիք ունեն»,- ասված է հաղորդագրությունում։

Հայաստանի խորհրդարանի ղեկավարը գործընկերոջը պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Կատար այցելել էր նաև 2022-ի դեկտեմբերին, երբ այդ երկրում ընթանում էր Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։

Մեկնաբանել