Արցախում հովհարային անջատումները կիրականացվեն օրական 3 անգամ

Հունվարի 25-ին, ժամը 02։00-ից Արցախում հովհարային անջատումները կիրականացվեն օրական 3 անգամ՝ յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ, հայտնում է «Արցախէներգո» ընկերությունը։

«Հաշվի առնելով բնակչության արձագանքները և ջեռուցման համար հնարավորինս հարմարավետ ռեժիմ սահմանելու անհրաժեշտությունը, որոշվել է, պահպանելով հովհարային անջատումների օրական 6-ժամյա գրաֆիկը, անջատումներն իրականացնել ավելի կարճ տևողությամբ»,- ասված է հայտարարությունում։

Հունվարի 9-ին ադրբեջանական կողմը խափանել է Գորիս-Ստեփանակերտ 110 ԿՎ բարձրավոլտ միակ գիծը՝ Արցախի բնակիչներին զրկելով էլեկտրական հոսանքի կայուն մատակարարման հնարավորությունից։ Եղանակային առկա պայմաններում էլեկտրաէներգիայի մատակարարումը իրականացվում է Արցախի ներքին սահմանափակ ռեսուրսների հաշվին՝ հովհարային անջատումներով։

***

2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ փակել են Լաչինի միջանցքը։ Ադրբեջանցի «բնապահպան-ակտիվիստները» «բողոքում են ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող տարածքում հանքավայրերի ապօրինի շահագործման դեմ»։ Արդեն 44 օր է՝ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհը։

Հունվարի 21-ին ադրբեջանական կողմը ամբողջությամբ արգելափակել է նաև Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը։

Մեկնաբանել