Կենսաթոշակների և նպաստների «քեշբեք». ի՞նչ էր ասում կառավարությունը, և ի՞նչ են խոսում թվերը

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Հայաստանում կենսաթոշակը կամ նպաստն անկանխիկ եղանակով ստացող քաղաքացիները 2022-ի հուլիսից կառավարության որոշմամբ հնարավարություն ստացան հետվճար (քեշբեք) ստանալ վճարային քարտերով կատարված գործարքներից։

Ծրագրին միացած բանկերի քարտապան կենսաթոշակառուներն ու նպաստառուները ՀՀ տարածքում վճարային քարտերով վճարելու դեպքում ամեն ամիս ստանում են հետվճար՝ նախորդ ամսում կատարած անկանխիկ գործարքների հանրագումարի 10%-ի չափով, բայց ոչ ավելի, քան ամսական 5 000 դրամ։

Կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, պարբերաբար իր ելույթներում այս ծրագիրը ներկայացնում է որպես կենսաթոշակների բարձրացում։

Կառավարությունը որպես ծրագրի իրականացման արդյունք նշել էր, որ ակնկալվում է՝ մինչև 2022-ի տարեվերջ ծրագրի փաստացի շահառու կդառնա և առնվազն 3 ամիս անընդմեջ կստանա նախատեսված հետվճարը բանկային քարտով կենսաթոշակ ստացող կենսաթոշակառուների 80%-ը։

Տեսնենք՝ արդյոք կառավարության նախանշված պլաններն իրականություն դարձել են, թե ոչ։

Կես տարի անց ակնկալված 80%-ի փոխարեն հետճվարից օգտվում է քարտապան թոշակառուների 15%-ը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից #CivilNetCheck-ի հարցմանը ի պատասխան՝ հայտնում են, որ Հայաստանում կենսաթոշակառուների և նպաստառուների թիվը ներկայում շուրջ 585 հազար է, որոնցից 474 հազարը թոշակը (նպաստը) ստանում է անկանխիկ՝ բանկային քարտով։

Անկանխիկ եղանակով կատարված վճարումներից «քեշբեք» ստացող թոշակառուների և նպասառուների թիվը 2022-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է շուրջ 67 հազար կամ քարտապան շահառուների 15%-ը (բոլոր թոշակ և նպաստ ստացողների 11%-ը)։ Սա կառավարության՝ մինչև տարեվերջ «անկնկալած» թվից ավելի քան 5 անգամ պակաս է։

Թոշակառուների կողմից 2022-ի դեկտեմբեր ամսվա ընթացքում կատարվել է 2,7 մլրդ դրամի անկանխիկ վճարում, որը, փաստացի, 6 ամսում հնգապատկվել է։ Շահառուներին փոխանցված հետվճարի ընդհանուր չափը կազմել է 226 մլն դրամ (անկախնիկ վճարումների 8,4%-ը)։

Միջին հաշվով՝ թոշակառուներին ամսական վճարված հետվճարի չափը 2022-ի հուլիս-սեպտեմբերին կազմել է մոտ 2600-2900 դրամ, հոկտեմբեր-դեկտեմբերին՝ 3100-3400 դրամ։

Կառավարությունը չի կարողացել ծրագրում ներգրավվել բանկերի մի մասին

Թոշակառուների կողմից անկանխիկ վճարումների հետվճարի 50%-ը վճարվում է պետբյուջեից, մյուս մասը տրամադրում է թոշակառուի՝ ծրագրին միացած բանկը։

Սոցապնախարարությունից ստացված տվյալների համաձայն՝ Հայաստանում գործող 18 առևտրային բանկերից քարտով կենսաթոշակ և նպաստ կարելի է ստանալ միայն 12 բանկով։ Կառավարության նախաձեռնած 10% հետվճարի ծրագրին միացել է միայն չորս բանկ՝ «ՎՏԲ Հայաստան բանկ», «Արդշինբանկ», «Հայբիզնեսբանկ», «Ակբա բանկ»։

Բոլոր քարտապան՝ նպաստ և թոշակ ստացողների մոտ 60%-ն այս չորս բանկերի հաճախորդերն են, սակայն, ինչպես նշվեց, այս թոշակառու-քարտապանների միայն 15%-ն է, որ հետվճար ենթադրող անկանխիկ գնում է անում։

Հատկանշական է, որ հետվճարի ծրագրին չի միացել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «ՀայԷկոնոմԲանկը», որտեղից թոշակ և նպաստ է ստանում մոտ 60 հազար շահառու։

Նախարարության կայքից տեղեկանում ենք, որ հետվճարի ծրագրի ժամկետը առանց փոփոխությունների երկարացվել է մինչև 2023-ի հուլիս։

Ստացվում է՝ ներկա իրավիճակը հեռու է կառավարության ծրագրով նախատեսված ցուցանիշից․ ծրագրից օգտվում է թոշակառուների միայն 11%-ը։ Փաստացի հետվճարի միջին չափը 3 400 դրամ է, իսկ բանկային քարտով կենսաթոշակ և նպաստ ստացող քաղաքացիները նախընտրում են կանխիկացնել թոշակը։

Մեկնաբանել