Առաքել Մարտիկյանն ազատվել է գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից

Նախագահի հրամանագրով Առաքել Մարտիկյանն ազատվել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից:

Մարտիկյանն այդ պաշտոնում նշանակվել էր մոտ մեկ տարի առաջ՝ 2022-ի հունվարի 10-ին։

Նախագահի մեկ այլ հրամանագրով Սամվել Մովսիսյանը նշանակվել է գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ազատվելով ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնից:

Առաքել Մարտիկյանը 1992թ.-ից ծառայում է ՀՀ զինված ուժերում, զբաղեցրել է մի շարք ղեկավար պաշտոններ` հատուկ նշանակության գնդի շտաբի պետ, ՌԴ-ում ՀՀ դեսպանության ռազմական կցորդ, ՀՀ ԶՈւ ԳՇ կազմզորահավաքային վարչության պետ: 2017-2021 թթ․ զբաղեցրել է ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ–զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը։ Առաքել Մարտիկյանը գլխավոր շտաբի 2021-ի փետրվարի 25-ի հայտարարությանը չմիացած ԳՇ 4 բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն էր։ Այդ հայտարարությամբ Զինված ուժերի գլխավոր շտաբը պահանջում էր վարչապետի և կառավարության հրաժարականը։

Մեկնաբանել