Շրջակա միջավայրի կոնվենցիայի շրջանակում Ադրբեջանը Հայաստանի դեմ արբիտրաժային վարույթ է նախաձեռնել

Լուսանկարում՝ Ադրբեջանը 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի դեմ քիմիական զենքի տարրեր պարունակող ֆոսֆորային զինատեսակ է կիրառում։

Հունվարի 18-ին Հայաստանը ծանուցվել է Ադրբեջանի կողմից ՀՀ-ի դեմ «Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին» Բեռնի կոնվենցիայի շրջանակներում արբիտրաժային վարույթ նախաձեռնելու վերաբերյալ, հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը։

Հայկական կողմի հայտարարությունում նշվում է, որ իրավական վեճի եղանակով Ադրբեջանի բարձրացրած հարցերն առնչություն չունեն Բեռնի կոնվենցիայի նպատակի հետ և կարող են բացասաբար անդրադառնալ տարածաշրջանի շրջակա միջավայրի վրա, «որը նաև էական վնաս է կրել վերջին տարիների ընթացքում Ադրբեջանի վարած ագրեսիվ պատերազմների հետևանքով»։

«Հայաստանն ափսոսանք է հայտնում, որ Ադրբեջանը որոշել է իրավական գործընթաց սկսել այնպիսի փաստաթղթի հիման վրա, որի հիմնական նպատակն է «խթանել ․․․․ համագործակցությունը» պետությունների միջև միտված «պահպանելու վայրի ֆլորան և ֆաունան և դրանց բնական ապրելավայրերը»։ Հայաստանը բազմաթիվ առիթներով հաստատել է իր՝ տարածաշրջանի վայրի բնաշխարհի պահպանման և շրջակա միջավայրի պաշտպանության հանձնառությունը՝ ներառյալ Բեռնի Կոնվենցիայի մոնիտորինգային և այլ մարմինների հետ աշխատելու միջոցով։ Հայաստանի շրջակա միջավայրի պաշտպանության միջազգային վարկանիշը ինքնին վկայում է այդ մասին»,- ասված է հայտարարությունում։