Միրզոյանն ու Կլաարը քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը

Հունվարի 25-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի և Եվրոպական խորհրդի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով ավագ խորհրդական Մագդալենա Գրոնոյի հետ։

ՀՀ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ հանդիպմանը կարևորվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման նոր առաքելություն տեղակայելու վերաբերյալ որոշումը։ Նշվել է, որ այն կնպաստի տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովմանը։

«Քննարկվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը։ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանն իր գործողություններով և հռետորաբանությամբ խաթարում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը»,- ասված է հաղորդագրությունում։

Միրզոյանն ու Կլաարը մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։

Մեկնաբանել