Ստեփանակերտի գազալցակայանները վերսկսել են աշխատանքը, գազամատակարարումը մասնակի վերականգնվել է

Ստեփանակերտի գազալցակայաններն այսօր՝ ժամը 17։00-ից, վերսկսել են իրենց աշխատանքը, ինչը պայմանավորված է գազամատակարարման մասնակի վերականգնումով, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Շտաբից ավելի վաղ տեղեկացրել էին, որ հունվարի 24-ից, Ստեփանակերտում և Արցախի շրջաններում դադարեցվել է գազալցակայանների աշխատանքը։ Որոշվել է, որ կուտակված գազն տրամադրել միայն առողջապահական հաստատություններին և կենսական նշանակության օբյեկտներին։

***

Հունվարի 21-ին ադրբեջանական կողմը հերթական անգամ ամբողջությամբ արգելափակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը։ Հայաստանից Արցախ մտնող գազատարը անցնում է ադրբեջանական վերահսկողության տարածքներով։ 2022-ի մարտից սկսած Ադրբեջանը պարբերաբար անջատում է Արցախի գազամատակարարումը։

Հունվարի 9-ին ադրբեջանական կողմը խափանվել է նաև Գորիս-Ստեփանակերտ 110 ԿՎ բարձրավոլտ միակ գիծը՝ Արցախի բնակիչներին զրկելով նաև էլեկտրական հոսանքի կայուն մատակարարման հնարավորությունից։

Եղանակային առկա պայմաններում էլեկտրաէներգիայի մատակարարումը իրականացվում է Արցախի ներքին սահմանափակ ռեսուրսների հաշվին՝ օրական արդեն 6 ժամ տևողությամբ հովհարային անջատումներով, ինչը աճելու միտում ունի։

2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ փակել են Լաչինի միջանցքը։ Ադրբեջանցի «բնապահպան-ակտիվիստները» «բողոքում են ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող տարածքում հանքավայրերի ապօրինի շահագործման դեմ»։ Արդեն 44 օր է՝ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհը։

Մեկնաբանել