Թաթա Շոշիաշվիլի, OC Media
Վրաստանի ընդդիմադիր Միացյալ ազգային շարժում կուսակցության ղեկավարության հավակնորդներից մեկը սպառնացել է Միխեիլ Սաակաշվիլիին դուրս բերել բանտից նախկին նախագահի՝ COVID-19-ով վարակվելուց հետո։
Երեքշաբթի Pirveli հեռուստատեսության հետ զրույցում Լևան Խաբեիշվիլին ասել է, որ անհրաժեշտության դեպքում ինքը «ֆիզիկապես» Սաակաշվիլիին կազատի կալանքից։
Խաբեիշվիլին Սաակաշվիլիի հիմնադրած Միացյալ ազգային շարժում կուսակցությունում հավակնում է առաջնորդի դերին և պայքարում է ներկայիս ղեկավար Նիկա Մելիայի դեմ։
Խաբեիշվիլիի հայտարարությունները հնչում են մի քանի հացադուլներից հետո Սաակաշվիլիի առողջական վիճակի վատթարացման լուրերի ֆոնին։
Անցյալ մայիսին Սաակաշվիլին բանտից տեղափոխվել էր Վիվամեդի կլինիկա՝ բուժման նպատակով, որտեղ է՛ նաև հիմա։ Սակայն աջակիցներն ու ընտանիքի անդամները պահանջում են նրան տեղափոխել արտերկիր՝ բուժման։
Երեքշաբթի Վիվամեդի հիվանդանոցի տնօրեն Զուրաբ Չխաիձեն ասել է, որ Սաակաշվիլին ջերմություն և հոդացավեր ունի, և որ նրա մոտ ախտորոշվել է COVID-19-ի «թեթև» ձև:
«Ռիսկեր, իհարկե, կան, բայց այս փուլում նրա վիճակը կայուն է»,- ասել է Չխաիձեն։
Ըստ Մթավարի Արխի հեռուստատեսության՝ Սաակաշվիլիի փաստաբան Շալվա Խաչապուրիձեն պահանջել է նախկին նախագահին տեղափոխել ինտենսիվ թերապիայի բաժանմունք։
Սաակաշվիլին ձերբակալվել է 2021-ի հոկտեմբերին՝ գաղտագողի երկիր մուտք գործելուց հետո և վեց տարվա ազատազրկման դատապարտվել պաշտոնեական դիրքի չարաշահման համար։ Նրան ևս մի քանի մեղադրանք է առաջադրված կապված իր իշխանության ժամանակաշրջանի հետ:
Դատապարտված նախկին նախագահի կողմնակիցները սկսել են պահանջել «Սաակաշվիլիի ցուցակ»։ Նախաձեռնությունը բխում է «Մագնիտսկու ցուցակի» տրամաբանությունից, որն ԱՄՆ-ն ընդունել է մարդու իրավունքների ոտնահարման մեջ ներգրավված անձանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու համար:
«Մագնիտսկու ցուցակը» կրում է Սերգեյ Մագնիտսկու անունը, որը մահացել է 2009-ին ռուսական բանտում՝ Ռուսաստանում կոռուպցիայի բացահայտումից հետո։
Մագնիտսկու նախկին գործընկերը և «Մագնիտսկու ցուցակի» եռանդուն ջատագով Բիլ Բրաուդերը ևս հավանություն է տվել «Սաակաշվիլիի ցուցակին»: Երեքշաբթի Թվիթերում Բրաուդերն ասել է, որ հանդիպել է Սաակաշվիլիի հորեղբոր և փաստաբանի հետ՝ «քննարկելու «Մագնիտսկու ցուցակի» վերջնական տարբերակը Միխայիլին բանտում խոշտանգողների համար»:
«Միխայիլը մահանում է, և ժամանակն էական է»,- գրել է նա։
Ներքին պառակտում Միացյալ ազգային շարժում կուսակցությունում
Սաակաշվիլիի առողջության շուրջ բանավեճը կտրուկ հակադրություն է առաջացրել նրա հիմնադրած կուսակցության ղեկավարության երկու հիմնական թեկնածուների առաջնահերթություններում:
Լևան Խաբեիշվիլին գրեթե ամբողջությամբ կենտրոնացել է Սաակաշվիլիի ազատ արձակման վրա՝ նույնիսկ խոստանալով կուսակցության նախագահ ընտրվելու դեպքում բացել «Փրկեք Միշային» գրասենյակներ երկրի բոլոր ծայրերում:
Ներկայիս նախագահող Նիկա Մելիան շատ ավելի քիչ է կենտրոնացած Սաակաշվիլիի վրա: Սաակաշվիլիի մոտ COVID-19-ի ախտորոշման մասին լուրերի ի հայտ գալուց ժամեր անց նա մամուլի ասուլիս էր հրավիրել, որտեղ չի հիշատակել Սաակաշվիլիին: Փոխարենը նա հայտարարել է կադրային փոփոխությունների մասին, որոնք կիրականացնի կուսակցության ղեկավարությունում, եթե վերընտրվի։ Դա ներառում է կուսակցության գլխավոր քարտուղար Պետրե Ցիսկարիշվիլիի փոխարինումը, որն աջակցում է Խաբեիշվիլիին:
Կուսակցության ընտրությունները նշանակված են հունվարի 28-30-ին և բաց են կուսակցության ցանկացած անդամի համար, որը նախապես գրանցվել է: Չորեքշաբթի օրվա դրությամբ կուսակցությունը հայտնել է, որ քվեարկության համար գրանցվել է 44 000 մարդ։
Կուսակցության ղեկավարի պաշտոնի համար չորս հոգի կմրցի. Մելիան և Խաբեիշվիլին համարվում են առաջատարներ։ Մյուս երկու թեկնածուները Գիորգի Մումլաձեն և Նոնա Մամուլաշվիլին են: