Միրզոյանն ու Բորելը քննարկել են հայ-ադրբեջանական և հայ-թուրքական կարգավորման գործընթացները

Հունվարի 25-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի վերաբերյալ։ Միրզոյանը բարձր է գնահատել Հայաստանում ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության տեղակայման մասին որոշումը։

«Արարատ Միրզոյանը Ժոզեպ Բորելի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին: Շեշտվել է, որ Ադրբեջանը, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների համաձայն, անհապաղ պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի արգելափակումը։ Հայկական կողմը կարևորել է միջազգային հանրության կողմից գործուն քայլերի իրականացումը՝ Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտումների ենթարկելու Ադրբեջանի քաղաքականությունը կանխարգելելու համար»,- ասված է հաղորդագրությունում։

Միրզոյանն ու Բորելը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ զարգացումները: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին: Հանդիպման օրակարգում են եղել նաև Հայաստան-ԵՄ գործընկերության հետագա զարգացմանն առնչվող հարցեր: