Ինչպես է Կադիրովը «Ախմաթի ուղին» օգտագործում սպորտում, որ ամրապնդի իր իշխանությունը Չեչնիայում

Ռամզան Կադիրովը մարզասրահում՝ «Ախմաթ» գրությամբ հուդիով։ Լուսանկարը՝ Groznyinform.ru-ի։

Լուժեն Լաամալ, OC Media

Չեչնիայում սպորտն ակնհայտորեն քաղաքական ընդգծվածություն ունի: Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը, անկախ նրանից, թե մարզիկների հետ է շփվում, կամ իր որդիներին ուղարկում ռինգ, մարզումներն ու մրցակցային սպորտաձևերն օգտագործում է, որպեսզի ամրապնդի իր հանրային հեղինակությունը, կառուցի իր նպատակներին համապատասխանող ազգային ինքնություն և ապահովի իր ռեժիմի ապագան:

UFC 280 մենամարտի երեկոն Կովկասում խառը մենամարտերի սիրահարների շրջանում մեծապես սպասված իրադարձություն էր: Խառը մենամարտերի առաջխաղացման աշխարհի խոշորագույն ընկերության կազմակերպված երեկոյի գլխավոր իրադարձությունը դաղստանցի Իսլամ Մախաչևի և բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի մենամարտն էր: Միջոցառումը հաղթական էր Կովկասի համար, քանի որ Մախաչովը հաղթեց Օլիվեյրային և դարձավ UFC թեթև քաշային կարգի նոր չեմպիոն:

Բայց մենամարտն ինքնին երեկոյի միակ զվարճանքը չէր։ Հյուսիսային Կովկասի երկու հանրապետությունների միջև երկարատև թշնամանքը բռնկվեց գլխավոր իրադարձությունից անմիջապես հետո, երբ չեչենական արմատներով խառը մենամարտերի հանրահայտ շվեդ մարզիկ Խամզաթ Չիմաևը ռինգի մոտ վիճաբանության մեջ մտավ դաղստանցի միջին քաշային Աբուբաքար Նուրմագոմեդովի հետ, որը UFC աստղ Խաբիբ Նուրմագոմեդով զարմիկն է:

Հաջորդ օրը կոնֆլիկտը կարծես թե լուծված էր. Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հրապարակեց մի սքրինշոթ, որում երևում է, թե ինչպես է տեսազանգով զրուցում Չիմաևի և Նուրմագոմեդովի հետ։

«Խամզաթ Չիմաևի և Աբուբաքար Նուրմագոմեդովի միջև որևէ խնդիր չկա, ես անձամբ համոզվել եմ դրանում»,- ասվում էր լուսանկարին կից արված գրառման մեջ։

Սա թերևս առաջին դեպքը չէ, երբ Կադիրովը ներքաշվում է կովկասյան մարզիկների գործերին։ Նա մեծ նշանակություն է տալիս իր հանրապետությունում սպորտի զարգացմանը և անձամբ է ապահովում տաղանդավոր չեչեն մարզիկների առաջխաղացումը ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակում:

Կադիրովը պնդում է, որ այս մարզիկները, որոնք հաճախ լուսանկարներում և հանրային միջոցառումների ժամանակ հայտնվում են իր կողքին, օրինակ են ծառայում կովկասցի երիտասարդների համար։ Այնուամենայնիվ, նա նաև օգտագործում է այդ մարզիկներին և սպորտը չեչենական ինքնության մասին կադիրովակենտրոն տեսլականը խթանելու, երկրի ներսում և միջազգային ասպարեզում իր հեղինակությունն ամրապնդելու և ճանապարհ հարթելու իր երեխաների համար, որպեսզի հետևեն իր օրինակին։

Հետևելով «Ախմաթի ուղուն»

Գրոզնիում անհնար է 100 մետր քայլել և չտեսնել Չեչենական Հանրապետության առաջին նախագահ և Ռամզան Կադիրովի հայր Ախմաթ Կադիրովին հիշեցնող որևէ բան։ Նրա անունն են կրում փողոցներ, դպրոցներ, մարզադաշտեր և նույնիսկ օդանավակայանը։

«Ախմաթ Արենա» ֆուտբոլային մարզադաշտ, որն անվանվել է Ախմաթ Կադիրովի պատվին։ Նրա դիմանկարը՝ աջում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիմանկարի կողքին է (լուսանկարը՝ Գոշա Չեռնովի/Sport-Express.ru)։

Որոշ փողոցներում ցուցադրվում են 2000-ականներին ռումբերից ավերված Գրոզնին պատկերող լուսանկարներ (ավերվածությունները տեղի են ունեցել Չեչենական երկրորդ պատերազմի ժամանակ Ռուսաստանի և Իչկերիայի Չեչենական Հանրապետության միջև տեղի ունեցած հակամարտության ընթացքում), որպեսզի չեչեններին հիշեցնեն իրենց նորագույն պատմությունը: Բայց այդ պատկերները ցուցադրելու հիմնական նպատակը հավաքական հիշողությունը պահպանելը չէ, այն գաղափարախոսության և պատմության որոշակի տարբերակի քարոզումն է:

Ռամզան Կադիրովը ցանկանում է, որ չեչենները երախտապարտ լինեն իր հորը՝ Ախմաթ Կադիրովին, որը, ըստ նրա, խաղաղություն է բերել իրենց հանրապետությանը։

Այս, այսպես կոչված, «խաղաղությանը» հասնելու առաջին քայլը չեչենացումն էր. 2000 թ․ հունիսին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հակամարտության կառավարումը վստահեց Մոսկվային հավատարիմ չեչեններին: Ախմաթ Կադիրովն անցավ մյուս կողմը և դարձավ այս նոր դաշինքի ղեկավարը։

Հակամարտության չեչենացման նպատակը, ըստ սոցիոլոգներ Լե Ուերուի և Մերլինի, «ծայրահեղ բռնություններով ուղեկցված երկու պատերազմներից հետո հանրապետության վերաինտեգրումը և Ռուսաստանի Դաշնության կազմում դրա խարսխումն ապահովելն էր»:

2004 թ․ Ախմաթ Կադիրովը սպանվեց ռմբակոծության հետևանքով։ Նրա որդին՝ Ռամզան Կադիրովը, նախագահ դարձավ 2007 թ․ և անմիջապես սկսեց սեփական հորն առասպելականացնելու գործընթացը։

Չեչենական պաշտոնական պատմությունը Ախմաթ Կադիրովին նկարագրում է որպես չեչեն ազգի հերոս: Այս նարրատիվը մեծապես է քարոզվում, և Ռամզան Կադիրովը, ում հոր 71-ամյակը կլրանար այս տարի, հայտարարում է, որ Ախմաթ Կադիրովը «իր ժողովրդին փրկել է կործանումից [իսկ] Ռուսաստանը փլուզումից»:

«Այն ամենը, ինչ այսօր արվում է Չեչնիայի Հանրապետությունում, արվում է այնպես, ինչպես հրամայել է Ախմաթ-Խաջին, ինչպես նրա կանխատեսումները, նրա երազանքներն են։ Հետևելով այն ուղեգծին, որը նա ցույց տվեց մեզ, մենք գործնականում հիմքից վերակառուցեցինք պատերազմի տարիներին ավերված քաղաքներն ու գյուղերը»,- ասել է նա։

Ախմաթ Կադիրովին որպես Չեչնիայի փրկիչ և առաջնորդ ներկայացնելու այս գաղափարն ամփոփված է «Ախմաթի ուղին» արտահայտության մեջ, որը Կադիրովը հաճախ է օգտագործում նկարագրելու համար այն «խաղաղ» ճանապարհը, որով հանրապետությունն անցել է իր հոր նախագահ դառնալուց հետո:

Ավելին, քան պարզապես արտահայտությունն է, «Ախմաթի ուղին» իրականում ավտորիտար գաղափարախոսություն է, որն ուղղված է չեչենների կյանքի բոլոր ասպեկտները վերահսկելուն՝ աշխատանք, պատմություն, մշակույթ, ինչպես նաև սպորտ:

Սպորտը՝ ի սպաս գաղափարախոսության

Չեչնիայի ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության քաղաքականության հարցերի նախարարության պաշտոնական կայքի երկրորդ էջը երկար ժամանակ ամբողջությամբ նվիրված էր Ախմաթ Կադիրովին: Այն պատմում էր Չեչնիայի սպորտի մասին՝ պարզաբանում դրա հետ հանրապետության նախկին նախագահի անխզելի կապը:

«Ախմաթ-Խաջի Կադիրովը մեծ հոգատարություն է ցուցաբերել Չեչնիայի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վերածննդի և զարգացման համար […] 2000-ականների կեսերին Ախմաթ-Խաջի Կադիրովը հայտարարեց, որ պատերազմից խաղաղ կյանքին անցնելիս հիմնական դերերից մեկը սպորտով զբաղվելն էր»,- ասվում է կայքում։

Ախմաթ Կադիրովը ֆուտբոլիստների հետ։ Ամսաթիվն անհայտ է։ Լուսանկարը՝ Չեչնիայի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության քաղաքականության հարցերի նախարարության:

Ռամզան Կադիրովը նման պատմությունն օգտագործում է իր նպատակներին համապատասխան չեչենական ազգային ինքնություն կերտելու համար: Այս «ազգաշինությունը» երկու նպատակ ունի՝ միավորել պետությունը և նրա ժողովրդին պաշտոնական պատմության և գաղափարախոսության շուրջ, և զարգացնել ազգային ինքնության ուժեղ զգացում և, հետևաբար, ապահովել քաղաքական կայունություն:

Կադիրովի Չեչնիայում Ախմաթը պետք է միավորի հանրապետությունը, և հենց նա էլ ներկայացված է յուրաքանչյուր հաջողության հիմքում: Հանրային ծառայությունների յուրաքանչյուր նոր նախագիծ կապված է Ախմաթ Կադիրովի մեջբերումների հետ, որպեսզի պարզ լինի, որ Ռամզան Կադիրովը գնում է իր հոր ճանապարհով և ավարտին է հասցնում նրա սկսած գործը:

Օրինակ՝ Չեչնիայի ցանկացած թանգարան կամ մշակութային կենտրոն այցելողին ողջունում է «Առանց մշակույթի չկա ազգ» մեջբերումը։ Սա հիշեցնում է այցելուին, որ Ախմաթ Կադիրովը «հանրապետության հաջող վերածննդի գլխավոր գործոնը համարում էր մշակույթի մակարդակի բարձրացումը», ինչպես հայտարարվում է հանրապետության պաշտոնական պատմության մեջ։

Եվ սպորտն այս տոհմային քարոզչության համար առանցքային դեր ունի: Կադիրովի հետ փոխկապակցված մարզիկներին նույնականացնելը դժվար չէ։ Նա սահմանել է իր ռեժիմին հատուկ ծածկագրեր և կարգախոսներ, որոնք չեչեն մարզիկներն օգտագործում են։ Օրինակ՝ նրանք օգտագործում են «Ախմաթ սիլա» արտահայտությունը (բառացի՝ «Ախմաթը իշխանություն է»)՝ ցույց տալու համար, որ իրենք նույնպես գնում են «Ախմաթի ճանապարհով»։

Այս կարգախոսը հնչում է հանրապետության ներսում և դրանից դուրս, այն օգտագործվում է Կադիրովի ընտանիքի անդամների, պետական պաշտոնյաների, Կադիրովի զինվորների կողմից Ուկրաինայում և յուրաքանչյուր չեչենական քարոզչական հոլովակում: Որպես Չեչնիայի կադիրովացման ավելի լայն արշավի մի մաս՝ 2017-ից ի վեր բազմաթիվ մարզական ակումբներ և կազմակերպություններ վերանվանվել են՝ անվան մեջ ներառելով «Ախմաթ» բառը, այդ թվում՝ Գրոզնիի Ախմաթ ֆուտբոլային ակումբը և Ախմաթի բացարձակ առաջնությունը:

Սպորտը և մարզիկները որպես քարոզչական գործիքներ

Կադիրովի քաղաքական ռազմավարությունը, հավակնությունները և ազգաստեղծ գործիքները հասկանալու լավագույն միջոցներից մեկը սոցիալական ցանցերում նրա օգտահաշիվները, մասնավորապես Instagram-ը և Telegram-ը վերլուծելն է:

Քաղաքագետ Կարենա Ավեդիսյանը Instagram-ը համարում է Կադիրովի կողմից չեչենական պաշտոնական հիշողության կառուցման գործիք և նշում, որ Կադիրովի Instagram-ն ունի երեք հիմնական թեմա՝ կրոն, սպորտ և հասարակայնության հետ կապեր։ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման սկզբից ի վեր պատերազմը դարձել է նրա սոցցանցային հրապարակումների մեկ այլ գերիշխող թեմա:

Սոցիալական ցանցերում Ռամզան Կադիրովը սպորտն օգտագործում է ողջ աշխարհում լեգիտիմություն ստեղծելու համար՝ առաջ մղելով չեչեն մարտիկներին, մարտարվեստը և քարոզելով առողջ ապրելակերպ՝ վարժությունների միջոցով:

Չեչնիայի ղեկավարի Instagram-ի բազմաթիվ գրառումներում երևում է, որ նա մարզվում է մարզասրահում, ինչը նրան թույլ է տալով ենթադրել, որ ինքը պարզապես քաղաքական պետական գործիչ չէ, որը զուտ շփվում է հայտնի մարզիկների հետ. նա ինքը խարիզմատիկ է, ձգտող և գուցե նույնիսկ համակրելի։ Նա կիրառում է այն, ինչ քարոզում է՝ մարմնավորելով իր քարոզած ապրելակերպը և, հետևաբար, ձգտում է հարաբերություններ հաստատել այդ ապրելակերպի այլ հետևորդների հետ։

Մարզասրահի իր հրապարակումներից մեկում նա նշում է, որ «հիանալի աշխատանք է կատարել ուժային կարդիովարժություններ» անելիս, և պնդում է, որ իրեն ուղեկցել է ֆիզիկական դաստիարակության և սպորտի նախարարը։

«Բոլորը մարզասրահը լքեցին լավ տրամադրությամբ։ Զբաղվե՛ք սպորտով, ընկերնե՛ր, զարգացրե՛ք ինքներդ ձեզ, քրտնաջա՛ն աշխատեք և առողջ կլինեք»,- գրել է նա։

Ռամզան Կադիրովը մարզվում է իր անձնական մարզասրահում՝ «Ախմաթ սիլա» գրությամբ շապիկով։ Լուսանկարը՝ Ռամզան Կադիրովի Instagram-ից։

Կիսվելով իր մարզումների տեսանյութերով և պատկերներով՝ Կադիրովը հետապնդում է երկու հիմնական նպատակ՝ ազգաշինություն, որի շրջանակում չեչեն տղամարդկանց խրախուսում է ձգտել առնականության իդեալին, որն ինքն է ցանկանում մարմնավորել, և ազգի բրենդավորում սպորտով զբաղվելու միջոցով՝ ստեղծելով տղամարդու կերպար, որը քաջառողջ է, ուժեղ և մոտ իր ժողովրդին։ Այդպիսով նա նաև Արևմուտքին առաջարկում է Կադիրովի այլընտրանքային կերպար:

Շարունակելով ընտանեկան գիծը

Մարտարվեստի նկատմամբ այս կիրքը միայն Ռամզան Կադիրովին չէ բնորոշ։ Տարեցտարի, ամիս առ ամիս նրա երեք որդիներն ավելի ու ավելի շատ են հայտնվում քարոզչական տեսահոլովակներում։

Լրագրող Քարիմ Զիդանի խոսքով՝ Կադիրովն օգտագործում է սպորտը և խառը մենամարտերը դինաստիկ քարոզչական նպատակներով՝ ցույց տալու սերնդե-սերունդ Կադիրովների սպորտային պատրաստվածությունը և այդպիսով ապահովելու իր սերնդի շարունակությունը և ներկայացնելու իր կլանը որպես Չեչնիայի օրինական կառավարիչ։

Կադիրովը ցանկանում է հասկացնել, որ իր որդիները ուժեղ մարտիկներ են՝ խիզախ, մարտունակ, կատաղի հայրենասեր և ընդհանրապես պատրաստ են լինել Չեչնիայի մեծ առաջնորդներ:

Նախքան Ուկրաինա ռուսական ներխուժումը Կադիրովը սահմանափակ հնարավորություն ուներ իր որդիներին ներկայացնելու որպես մարտիկներ, քանի որ մարտիկ լինելը դեռևս սերտորեն ասոցացվում էր իսլամական ծայրահեղականության հետ: Մարտարվեստը ուրույն միջոց էր ցույց տալու, որ իր որդիներն ուժեղ են և ունակ են պայքարելու, ուստի կադրերը, որտեղ նրա որդիները բռնցքամարտի են բռնվում և խառը մենամարտեր վարում հանրաճանաչ մարզիկների հետ, հաճախակի էին հայտնվում սոցիալական մեդիայի նրա ալիքներում:

Նա նույնիսկ իր որդիներին ուղարկեց մենամարտերի սիրողական բռնցքամարտի առաջնություններում՝ առանց պաշտպանիչ հանդերձանքի, քայլ, որը քննադատության արժանացավ մարզիկների և խառը մարտարվեստի երկրպագուների կողմից: Մենամարտերը, իհարկե, հետևողականորեն հաղթել են նրա որդիները, որոնք կրում էին Ախմաթ Կադիրովի դիմանկարով բաճկոններ։

Այնուամենայնիվ, Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումից ի վեր, նա կարողացել է գերազանցել այս նախորդ ներկայացումները՝ իր որդիներին ուղարկելով, ինչպես ինքն է ձևակերպել, իրական մարտերի: Կադիրովը տեսանյութեր և լուսանկարներ է տարածել, որտեղ պատկերված են «Չեչնիայի Հանրապետության առաջին նախագահ, Ռուսաստանի հերոս Ախմաթ-Խաջի Կադիրովի թոռները»՝ մարտական հանդերձանքով և հրացաններով, որոնք ենթադրաբար բերվել էին առաջնագծից։

Մի գրառման մեջ նա պնդում էր, որ նրանք իրենց «կրակի միջոցով ապահովում են առաջխաղացող մարտիկներին» և «ակտիվ tփնտրում են» անկախության կողմնակից չեչենական գումարտակներ:

«Ախմաթ-Խաջիի թոռները մնացին իրենց դիրքերում, մինչև հետ մղեցին նացիստների հերթական հակագրոհը»,- ասվում է մեկ այլ գրառման մեջ։

Այս բոլոր գրառումներում Կադիրովը հասկացնում է իր հիմնական մտադրությունները՝ ցույց տալ, որ Չեչնիայում իշխանությունը պատկանում է կշարունակի պատկանել Կադիրովներին:

Մեկնաբանել