Բաքվի պլանն է՝ ճնշումը հասցնել կուլմինացիոն կետի և ստիպել արցախահայերին հեռանալ, նշում է Փաշինյանը

«Հայաստանի տեղեկություններով՝ Բաքվի պլանն է Լեռնային Ղարաբաղում տնտեսական, հոգեբանական ճնշումը հասցնել մի կուլմինացիոն կետի, դրանից հետո մի քանի օրով բացել միջանցքը՝ ակնկալիքով, որ Լեռնային Ղարաբաղի հայերը զանգվածաբար կլքեն իրենց տները։ Հետո կրկին փակել միջանցքը, հետո էլի մի քանի օրով բացել և այսպես այնքան, մինչև վերջին հայը կլքի Լեռնային Ղարաբաղը»․ կառավարության հունվարի 26-ի նիստի մեկնարկին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Լեռնային Ղարաբաղի շուրջ վիճակի մասին։

«Սա էթնիկ զտման բացահայտ քաղաքականություն է, ու եթե մինչ այս միջազգային հանրությունը թերահավատությամբ էր վերաբերվում էթնիկ զտման մասին մեր ահազանգերին, հիմա տեսնում ենք, որ այս ընկալումը դանդաղ, բայց հաստատուն քայլերով միջազգային հանրության շրջանում ամրապնդվում է»,- շարունակեց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ Ադրբեջանը տևական ժամանակ պնդում է, որ Արցախի գազամատակարարումն ու էլեկտրամատակարարումն անխափան են, միջանցքն էլ փակ չէ, բայց Հայաստանը պնդում է հակառակը։ Նրա խոսքով՝ հակասությունը լուծելու լավագույն ձևը Լաչինի միջանցք ու Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելն է։

***

2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ փակել են Լաչինի միջանցքը։ Ադրբեջանցի «բնապահպան-ակտիվիստները» «բողոքում են ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող տարածքում հանքավայրերի ապօրինի շահագործման դեմ»։ Արդեն 46 օր է՝ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհը։

Հունվարի 9-ին ադրբեջանական կողմը խափանվել է նաև Գորիս-Ստեփանակերտ 110 ԿՎ բարձրավոլտ միակ գիծը՝ Արցախի բնակիչներին զրկելով նաև էլեկտրական հոսանքի կայուն մատակարարման հնարավորությունից։ Եղանակային առկա պայմաններում էլեկտրաէներգիայի մատակարարումը իրականացվում է Արցախի ներքին սահմանափակ ռեսուրսների հաշվին՝ օրական արդեն 6 ժամ տևողությամբ հովհարային անջատումներով, ինչը աճելու միտում ունի։

Հայաստանից Արցախ մտնող գազատարը անցնում է ադրբեջանական վերահսկողության տարածքներով։ 2022-ի մարտից սկսած Ադրբեջանը պարբերաբար անջատում է Արցախի գազամատակարարումը։ Հունվարի 25-ին գազամատակարարումը մասնակի վերականգնվել է։

Մեկնաբանել