Վերին Անտառայինի գույքի վարձակալումը՝ դատական վեճի առարկա

Ավելի քան երեք տարի ներպետական ատյանները քննում են Անդրանիկ Պողոսյանի և «Ֆայն Քարս օֆ Արմինիա» ընկերության վեճը։ Այս ընթացքում՝ Պողոսյանի գույքերի ու դրամական միջոցների վրա կալանքներ են դրվել։ Գործարարը պնդում է, որ դատարանների և հարկադիրի «ճիրաններում» կորցրել է շուրջ 150 մլն դրամ։

Անդրանիկ Պողոսյանը (Անթրանիկ Բողոսսյան) Հայաստանում է 1988-ից։ Վերջին երեք տարվա ընթացքում գործարարը սկսել է զբաղվել կոմերցիոն տարածքների շինարարությամբ։ Երևանի կենտրոնում՝ Վերին անտառային 198/2 հասցեում նա կառուցեց երկհարկանի բիզնես շինություն։ Վարձակալությամբ այս տարածքը վերցնելու համար իրեն է դիմել «Ֆայն Քարս օֆ Արմինիա» ընկերությունը, որը «Jeep»-ի, «Alfa Romeo»-ի, «Fiat»-ի և մեքենա արտադրող այլ ներկայացուցիչների մոդելներն է ներկայացնում Հայաստանում։ Ընկերությունը նրան հայտնել է, որ նպատակադրված է այդ տարածքում հիմնել ավտոմեքենաների վաճառքի կետ։ Շենքի կառուցումն ավարտվել է 2019-ի հունիսի վերջին և հանձնվել վարձակալին։ Հետագայում կողմերը համաձայնության չեն եկել ինչպես վարձակալության պայմանագրի, այնպես էլ վճարի մասով ու սկսել են միմյանց դեմ դատական հայցեր ներկայացնել։ Անդրանիկ Պողոսյանը պնդում է, որ ընկերությունը չի վճարել վարձավճարը։

Հունվարի 25-ին առաջին ատյանի դատարանում՝ դատավոր Տաթևիկ Ստեփանյանի նախագահությամբ, այս վեճի առիթով երկու տարբեր հայցերով նիստեր եղան։

Առաջին նիստի ընթացքում ՍիվիլՆեթը միջնորդեց տեսագրություն իրականացնել, սակայն «Ֆայն քարս օֆ Արմինիա» ՍՊԸ-ի ներկայացուցիչը առարկեց, ինչի արդյունքում դատարանն արգելեց տեսագրումն ու լուսանկարահանումը։ Բացի այդ, ընկերության ներկայացուցիչ Էդգար Հակոբյանը հանդես եկավ միջնորդությամբ՝ ընդհանրապես դռնփակ դարձնել նիստերը, քանի որ, նրա կարծիքով, դատաքննության ընթացքում քննարկվելու է նաև առևտրային գաղտնիք պարունակող տեղեկատվություն։ Անդրանիկ Պողոսյանի ներկայացուցիչ Մարգարիտա Միրզախանյանն առարկեց միջնորդությանը։ Դատարանը որոշեց միջնորդությունը քննել դռնփակ նիստով, ավելի ուշ այն մերժեց և ՍիվիլՆեթին թույլատրեց մասնակցել նիստին ու ձայնագրել այն։

Նիստի ընթացքում Պողոսյանի ներկայացուցիչ Մարգարիտա Միրզախանյանը միջնորդեց՝ որպես վկա հարցաքննել «Ֆայն Քարս օֆ Արմինիա ՍՊԸ»-ից Մոսթաֆա Նասերի Աղիլին, ինչպես նաև մեկ այլ անձի։ Դատարանը բավարարեց միջնորդությունը։

Այս նիստին որոշվեց նշանակել դատաքննություն մայիսին։

Երկրորդ գործով հայցվորը Անդրանիկ Պողոսյանն է՝ պատասխանողները «Ֆայն Քարս օֆ Արմինիա» ՍՊԸ-ն ու Մոսթաֆա Նասերի Աղիլին։ Հայցվորը պահանջում է «առոչինչ շինծու պայմանագրերի նկատմամբ անվավերության հետևանքներ կիրառել և պատասխանողին տարածքից վտարել»։ Այս գործը քննվում է դեռ 2020-ի հուլիսից։

Նիստին հայցվորի ներկայացուցիչը հրապարակեց հայցի առարկան՝ ասելով, որ պահանջներից մեկը վերաբերում է պատասխանողից ավելի քան 96 մլն դրամ բռնագանձելուն։ Նա հիմնավորեց, որ այս գումարը Վերին Անտառայինի անշարժ գույքի վարձակալությունից առաջացած վարձավճարն է։

Պատասխանողը առարկեց, որ Անդրանիկ Պողոսյանը որևէ ձևով նպատակ չի ունեցել վարձակալության հարաբերությունների մեջ մտնել «Ֆայն Քարս օֆ Արմինիա» ՍՊԸ-ի հետ։ «Անդրանիկ Պողոսյանն իր գործողություններով մշտապես խոչընդոտել է ընկերության գործունեությանը, եկել է տարածք ու վեճեր է սարքել, կատարել է մի շարք այնպիսի գործողություններ, որոնք բնորոշ չեն վարձատուին»,- ասաց պատասխանողի ներկայացուցիչ Էդգար Հակոբյանը։ Նրա խոսքով՝ Պողոսյանը նաև պատճառաբանել է, թե վարձակալության հիմնական պայմանագիր չի կնքվում, քանի որ անշարժ գույքի կառուցման ավարտական ակտը չունի, մինչդեռ, ըստ Հակոբյանի, Պողոսյանը միտումնավոր է ձգձգել ավարտական ակտի ստացումը։

Անդրանիկ Պողոսյանը դատարանում հայտարարեց, որ ավարտական ակտը հնարավոր չի եղել շուտ ստանալ, քանի որ նախնական համաձայնությամբ սահմանված ժամկետից առաջ կարիք եղավ նոր կառուցապատում իրականացնել անշարժ գույքի տարածքում՝ հենց ընկերության խնդրանքով, որը ժամանակատար էր։

«Ավարատական ակտի դիմումը մենք սառեցրինք, որպեսզի երկրորդ հարկի մասնաբաժնի կառուցումը ավարտենք՝ ըստ ընկերության խնդրանիք, որ իրենք հավելյալ տարածք ունենան»,- ասաց Պողոսյանը՝ հավելելով, որ շինարարությունը ավարտելուց հետո ԱԻՆ-ը որոշ փաստաթղթեր պահանջեց, որոնց մի մասը ինքն պետք է ապահովեր, իսկ մեկը՝ ընկերությունը, քանի որ վերաբերում էր ընկերության ամբարձչին։

«Ես նրան ներկայացրի, որ նման փաստաթուղթ է պահանջվում, ինքը մայիսից մինչև հոկտեմբեր ձգձգեց փաստաթղթի ներկայացումը»,- ասաց Պողոսյանը։

Նա անդրադարձավ նաև պատասխանողի այն պնդմանը, թե ինքը ցանկություն չի ունեցել վարձակալության պայմանագիր կնքել ընկերության հետ. «Սրա դադարը պետք է դնի այն տրամաբանությունը, որ շենքը կառուցող սեփականատերը, որը նման գումարների կարիք ունի, ինչո՞ւ պետք է գտնված վարձակալին դուրս հրավիրի ու անորոշության մեջ նորին ակնկալի։ Այսինքն՝ անհիմն է ի սկզբանե այդ մեղադրանքը։ Ես վտարման որոշում եմ ներկայացրել ընկերությանը մեկ տարի անց, երբ տեսել եմ, որ չի վճարում վարձավճարն ու խուսափում է իր պարտականությունները կատարելուց»,- ասաց հայցվորը։

Կողմին լսելուց հետո դատավորը ավարտեց այս նիստն ու նշանակեց մեկ այլ նիստ մայիս ամսին։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել