Ստեփանակերտի բնակչության համար գազի մատակարարումը կվերականգնվի

Հունվարի 26-ին՝ ժամը 15-ից, Ստեփանակերտի բնակչության համար գազի մատակարարումը կվերականգնվի, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Այսօր՝ ժամը 15-ից, Ստեփանակերտի բնակչության համար գազի մատակարարումը կվերականգնվի: Սակայն, հաշվի առնելով մասնակի գազամատակարարման հանգամանքը, շրջանների գազի մատակարարումը նույն ժամին կդադարեցվի: Նման որոշումը պայմանավորված է էներգետիկ համակարգի մեծ ծանրաբեռնվածությամբ»,- ասված է հայտարարությունում։

Ստեփանակերտի գազալցակայանները կշարունակեն աշխատել:

***

Հայաստանից Արցախ մտնող գազատարն անցնում է ադրբեջանական վերահսկողության տարածքներով։ 2022-ի մարտից սկսած Ադրբեջանը պարբերաբար անջատում է Արցախի գազամատակարարումը։ Նախօրեին՝ հունվարի 25-ին, գազամատակարարումը մասնակի վերականգնվել էր։

Հունվարի 9-ին ադրբեջանական կողմը խափանվել է նաև Գորիս-Ստեփանակերտ 110 ԿՎ բարձրավոլտ միակ գիծը՝ Արցախի բնակիչներին զրկելով նաև էլեկտրական հոսանքի կայուն մատակարարման հնարավորությունից։ Եղանակային առկա պայմաններում էլեկտրաէներգիայի մատակարարումը իրականացվում է Արցախի ներքին սահմանափակ ռեսուրսների հաշվին՝ օրական արդեն 6 ժամ տևողությամբ հովհարային անջատումներով, ինչը աճելու միտում ունի։

2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ փակել են Լաչինի միջանցքը։ Ադրբեջանցի «բնապահպան-ակտիվիստները» «բողոքում են ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող տարածքում հանքավայրերի ապօրինի շահագործման դեմ»։ Արդեն 46 օր է՝ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհը։

Մեկնաբանել