Միջազգային հանրությունը սկսել է ավելի հստակ ու հասցեական լեզվով խոսել Բաքվի հետ

Հունվարի 19-ին Եվրոպական խորհրդարանը «Լեռնային Ղարաբաղի շրջափակման հումանիտար հետևանքները» վերտառությամբ բանաձև է ընդունել, որով կոչ է արել Ադրբեջանին անհապաղ բացել Լաչինի միջանցքը և ապագայում ևս զերծ մնալ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև տրանսպորտային, էներգետիիկ կապերն ու հաղորդակցությունը խաթարելուց:

Հատկանշական է, որ բանաձևի տեքստի մեջ հստակ նշվում է, որ միջանցքը փակվել է ինքնահռչակ բնապահպանների կողմից: Բանաձևում օգտագործվում են նաև Լեռնային Ղարաբաղ և Լեռնային Ղարաբաղի հակամարտություն եզրույթները, որոնց կիրառումը վերջին շրջանում միջազգային տարբեր կառույցներում ակտիվ բանավեճի առարկա է դարձել: Որոշ խոշոր դերակատարներ հետևում են Բաքվի հորդորներին և դեմ են արտահայտվում այդ եզրույթների օգտագործմանը:

Բանաձևի մեջ քննադատվում է նաև ռուսական խաղաղապահ առաքելության անգործությունը և կոչ է արվում այն փոխարինել ԵԱՀԿ միջազգային խաղաղապահ առաքելությամբ, ինչպես նաև ՄԱԿ և ԵԱՀԿ փաստահավաք խումբ ուղարկել Լաչինի միջանցք: Այնուամենայնիվ, տեքստի մեջ հղում է արվում նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությանը` ընդունելով, որ այդ փաստաթուղթն է հանդիսանում հակամարտության գոտում անվտանգության ճարտարապետության հիմքը:

Բանաձևի մեջ կատարված մեկ այլ կարևոր արձանագրումն այն էր, որ Ադրբեջանը այս գործողություններով խոչընդոտում է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում առաջընթացը:

Իհարկե, պետք չէ գերագնհատել այս բանաձևի դերն ու ազդեցությունը Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված ճգնաժամի հանգուցալուծման հարցում: Այնուամենայնիվ, այն կարող է կարևոր նորմատիվ հիմք դառնալ այլ միջազգային կառույցների հետագա գործողությունների համար:

Լաչինի միջանցքի ճգնաժամի հարցում Ադրբեջանի նկատմամբ ճնշումը մեծանում է նաև Միացյալ Նահանգների կողմից: Հունվարի 23-ին տեղի է ունեցել հեռախոսազրույց Միացյալ նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև: Հեռախոսազրույցի վերաբերյալ ԱՄՆ Պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է. «Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը այսօր խոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որպեսզի կոչ անի Լաչինի միջանցքը անհապաղ բացել առևտրային երթևեկության համար: Նա ընդգծել է, որ Լաչինի միջանցքում հումանիտար ճգնաժամի ռիսկը խաթարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հեռանկարները:

Պետքարտուղարը կոչ է արել նախագահ Ալիևին ակտիվացնել ջանքերը Հայաստանի հետ երկկողմ խաղաղ բանակցությունների շրջանակում: Նա նաև մտահոգություն է հնչեցրել Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի վերաբերյալ»:

Ալիևի հետ Բլինքենի այս հեռախոսազրույցի հետ կապված մի քանի հետաքրքրական դետալներ կան: Առաջինը այն է, որ ԱՄՆ պետքարտուղարը այս անգամ հեռախոսազրույց է ունեցել միայն Ադրբեջանի նախագահի հետ: Մինչ այդ նա սովորաբար Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների հետ նույն օրն էր հեռախոսազրույցներ ունենում, որոնցից հետո նույնական բովանդակությամբ հաղորդագրություններ էին տարածվում Պետքարտուղարության կայքում: Բլինքենի հեռախոսազրույցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ տեղի էր ունեցել Ալիևի հետ զրույցից օրեր առաջ: Այս քայլով, ինչպես նաև տարածված հաղորդագրության մեջ օգտագործված հստակ ու ուժեղ բառապաշարով, Վաշինգտոնը վստահաբար ցանկացել է հավելյալ ճնշում գործադրել Բաքվի նկատմամբ:

Հատկանշական է նաև, որ Պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ, ինչպես Եվրախորհրդարանի ընդունած բանաձևում, նշվում է, որ Ադրբեջանի գործողությունները Լաչինի միջանցքում կարող են խաթարել խաղաղության հեռանկարները տարածաշրջանում: Այսինքն, Բաքվի վրա պատասխանատվություն է դրվում ոչ միայն Լաչինի միջանցքում ստեղծված ճգնաժամի, այլև բանակցային գործընթացը տորպեդավորելու համար: Պետք է նշել, որ մինչև Լեռնային Ղարաբաղի շրջափակումը որոշ արևմտյան դիվանագետներ փակ դռների հետևում Հայաստանին էին մեղադրում բանակցությունները փակուղի մտցնելու մեջ: Այդ առումով այս նոր շեշտադրումները կարևոր զարգացում են:

Պետդեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ ամենահետաքրքրական դետալը, սակայն, Լաչինի միջանցքի ճգնաժամի հարցի հետ միասին Ադրբեջանում մարդու իրավունքների խնդրի վրա շեշտադրում կատարելն էր: Այս երկու հարցի հիշատակումը նույն հաղորդագրության մեջ, իհարկե, կարող է պատահականություն լինել: Վերջին շրջանում Ադրբեջանում մի քանի քաղաքական ակտիվիստներ են ձերբակալվել, և Բլինքնենը ի շարս այլ խնդիրների կարող էր Ալիևի հետ նաև այդ հարցը քննարկել: Այնուամենայնիվ, կա հավանականություն, որ հեռախոսազրույցի ընթացքում մարդու իրավունքների թեման բարձրացնելը կարող էր Ալիևի վրա ճնշման միջոց լինել: Նույնիսկ եթե Բլինքենը այդպիսի նպատակ չէր հետապնդում, Ալիևի մոտ նման ընկալում վստահաբար կարող էր ձևավորվել:

Ինչպես տեսնում ենք, միջազգային հանրությունը սկսել է ավելի հստակ ու հասցեական լեզվով խոսել Բաքվի հետ Լաչինի միջանցքի արգելափակման հարցի վերաբերյալ: Այնուամենայնիվ, ակնհայտ է նաև, որ հայտարարությունները, բանաձևերը ու հեռախոսազանգերը այս փուլում բավարար չեն Ալիևի որոշումների վրա ազդելու համար: Այդ առումով պետք է աշխատել Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշման մեծացման ուղղությամբ:

Մեկնաբանել