Հայաստանում ԵՄ առաքելությունը կարող է աշխարհաքաղաքական դիմակայության բերել և սրել առկա հակասությունները․ Ռուսաստանի ԱԳՆ

Mid mfa russia

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը Եվրամիության՝ Հայաստանում քաղաքացիական առաքելություն տեղակայելու որոշման վերաբերյալ հայտարարություն է տարածել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Հունվարի 23-ին ԵՄ Խորհուրդը որոշում է ընդունել Հայաստանում Եվրամիության նոր քաղաքացիական առաքելություն տեղակայելու մասին՝ երկու տարի ժամկետով։ ԵՄ-ական ներկայության կոնկրետ պարամետրերը կորոշվեն մոտ ապագայում։ Բայց արդեն ակնհայտ է, որ այն լինելու է ավելի լայն, քան ԵՄ դիտորական մեխանիզմը, որը գործում էր Հայաստանում անցյալ տարվա հոկտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում։

Անդրկովկասում արտատարածաշրջանային գործոնի ամրապնդման հարցում Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը փոփոխություններ չի կրել։ Ոչ մի «հավելյալ արժեք» չենք տեսնում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններին հետևող ԵՄ-ական «փորձագետներից»։ Եթե Բրյուսելում անկեղծորեն շահագրգռված լինեին Անդրկովկասում խաղաղություն հաստատելու հարցում, ապա Ադրբեջանի հետ կհամաձայնեցնեին իրենց առաքելության աշխատանքային պայմանները։

Եվրամիության ներկայացուցիչները, որոնք վերածվել են ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կցորդի և ԱՊՀ տարածքում առճակատման քաղաքականություն են վարում, Հայաստանի սահմանամերձ շրջաններում հայտնվելով՝ կարող են միայն աշխարհաքաղաքական դիմակայություն բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները։ Չպետք է նաև մոլորեցնի առաքելության հայտարարված քաղաքացիական բնույթը, այն ձևավորվում է անվտանգության և պաշտպանության ոլորտում ԵՄ ընդհանուր քաղաքականության շրջանակներում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։

Հայաստանում ամեն գնով ամրապնդվելու, Ռուսաստանի միջնորդական ջանքերը չեզոքացնելու Եվրամիության փորձերը կարող են վնաս հասցնել հայերի և ադրբեջանցիների շահերին՝ տարածաշրջանի խաղաղ զարգացմանը վերադառնալու ձգտումներում։ Համոզված ենք, որ տեսանելի ապագայում տարածաշրջանում կայունության և անվտանգության առանցքային գործոն է մնալու Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը, որը ծավալվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների՝ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա, ինչպես նաև հայկական սահմաններին ծառայություն իրականացնող ռուս սահմանապահները։ Դրանք արձագանքելու են նաև ԵՄ-ական դիտորդների պահվածքին՝ հաշվի առնելով «գետնի վրա» իրավիճակի զարգացումը։

Արձանագրում ենք, որ Երևանում, տրամաբանական ավարտին չհասցնելով ՀԱՊԿ առաքելության ուղղությամբ աշխատանքը, նախընտրեցին ընտրություն կատարել հօգուտ ԵՄ-ի։ Եթե հայ դաշնակիցների մոտ պահպանվում է շահագրգռվածությունը ՀԱՊԿ-ի ներուժի գործարկման հարցում, ապա կազմակերպության առաքելությունը կարող է օպերատիվ կերպով ծավալվել Հայաստանում։

Ինչպես և նախկինում, կարծում ենք, որ հայ-ադրբեջանական կարգավորման, և ընդհանրապես, տարածաշրջանում իրավիճակի առողջացման ամենակայուն և երկարաժամկետ հիմքը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի և 2022-ի հոկտեմբերի 31-ի եռակողմ պայմանավորվածությունների անշեղ և հետևողական իրականացումն է՝ բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումն և սահմանագծումը, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի պարամետրերի համաձայնեցումը, փորձագիտական շրջանակների և խորհրդարանականների գծով եռակողմ շփումների զարգացումը: Ռուսաստանը պատրաստ է ամեն կերպ աջակցել այս ամենին»,- ասված է հայտարարությունում։

Մեկնաբանել