Կացարանի հրդեհի գործով կալանավորվել է զորամասի թիկունքի պետը

Ազատ գյուղի զինվորական կացարանում տեղի ունեցած հրդեհի գործով զորամասի թիկունքի պետ-հրամանատարի տեղակալը դատարանի որոշմամբ կալանավորվել է, հայտնում է դատախազությունը։

«ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գ.Ա.-ի նկատմամբ, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը՝ երկու ամիս ժամկետով»,- ասված է հայտարարությունում։

Հունվարի 26-ին դատախազությունից հայտնել էին, որ Ազատ գյուղի զինվորական կացարանում տեղի ունեցած հրդեհի գործով որոշում է կայացվել հանրային քրեական հետապնդում հարուցել զորամասի թիկունքի պետ-հրամանատարի տեղակալի նկատմամբ։

***

Հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, ևս 3 զինծառայող տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։ Քննչական կոմիտեի նախագահն ասել էր, որ նախնական վարկածով հրդեհը տեղի է ունեցել ջեռուցման հետ կապված անվտանգության նորմերի խախտման պատճառով։

Միջադեպի օրն անմիջապես պաշտոնից ազատվեցին երկրորդ բանակային կորպուսի հրամանատարը, նրա տեղակալները, զորամասի հրամանատարն ու այլ պաշտոնյաներ, ինչպես նաև ՊՆ հրդեհային անվտանգության վարչության ծառայության պետը։

Մեկնաբանել