Ճգնաժամը մեղմելու նպատակով Արցախին նվիրաբերված ավելի քան 350 տոննա հումանիտար բեռը շարունակում են գտնվել Գորիսում, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Ադրբեջանի կողմից Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը մեղմելու նպատակով «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Արցախի ժողովրդին նվիրաբերած 100 տոննա պարենամթերքը, ՀՀ և արտասահմանյան մի շարք բարեգործական կազմակերպությունների ուղարկած ավելի քան 250 տոննա հումանիտար բեռը, ինչպես նաև Արցախի երեխաների համար նախատեսված ամանորյա նվերները ցավոք սրտի շարունակում են գտնվել Գորիս քաղաքում և դեռևս անհնարին է հասցնել Արցախ՝ ճանապարհի փակ լինելու պատճառով»,- ասված է հայտարարությունում։
Նշվում է, որ ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ բանակցությունները շարունակվում են՝ հումանիտար բեռը Արցախ հասցնելու ուղղությամբ․ «Բարեգործական բեռն Արցախ տեղափոխելու հնարավորության դեպքում այն կպահեստավորվի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունում և անվճար կբաշխվի սոցիալապես խոցելի խմբերին՝ ըստ նախարարության ցուցակների»։
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ փակել են Լաչինի միջանցքը։ Ադրբեջանցի «բնապահպան-ակտիվիստները» «բողոքում են ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող տարածքում հանքավայրերի ապօրինի շահագործման դեմ»։ Արդեն 47 օր է՝ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհը։