Ստեփանակերտի օդանավակայանում տեխնիկական վերջին ճշգրտումներն են կատարվում

Ստեփանակերտի օդանակավայականը գործարկման համար տեխնիկապես պատրաստ է. լուծվում են կազմակերպչական վերջին խնդիրները` աշխատանքների մեկնարկը շուտով տալու նպատակով: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԼՂՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Դմիտրի Ատբաշյանը նշել է, որ օդանավականայանի գործարկման նախապատրաստումն ընթանում է բուռն թափով: «Օդանավակայանի աշխատակիցները ևս պատրաստ են. կարծում եմ` շուտով այն կսկսի իր աշխատանքը»,- նշել է Ատբաշյանը:

ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը հավաստիացրել է, որ օդանավակայանի չգործարկման քաղաքական կամ պետական մակարդակի որևէ պատճառ չկա: «Կատարվում են տեխնիկական վերջին ճշգրտումները: Չեմ ցանկանում ժամկետներ նշել, սակայն վստահեցնում եմ, որ շատ շուտով այն կսկսի աշխատել»,-ընդգծել է Բաբայանը: Նրա խոսքով` սկզբնական շրջանում չվերթները լինելու են Հայաստան-Արցախ, հետագայում աշխատանքների ընթացքի և պահանջարկի մեծացման հետ կավելանան այլ ուղղություններ ևս: «Միջազգային իրավունքի համաձայն` մենք ապահովում ենք մեր քաղաքացիների տեղաշարժվելու իրավունքը, քանի որ մենք այնպիսի պետություն ենք, որ գործում ենք միջազգային նորմերի տառին և ոգուն համաձայն»,- նշել է Բաբայանը:

Նշենք, որ Ստեփանակերտի օդանավակայանը կառուցվել է 1974թ. և հիմնականում չվերթներ է ընդունել Երևանից և Բաքվից: 1992-ից օդանավակայանը մատնվել է պարապուրդի: 2008թ. սկսվել է օդանավակայանի նոր` գլխավոր մասնաշենքի կառուցումը, որը նման է թևերը բացած արծվի: Այս ընթացքում լայնացվել է նաև թռիչքուղին, ինչպես նաև հարթեցվել է թռիչքուղուն հարակից մի քանի բլուրների գագաթները, որպեսզի հնարավոր դառնա ժամանակակից մեծ ինքնաթիռների ընդունումը:

Մեկնաբանել