ԵԽԽՎ-ն Ադրբեջանին կոչ է անում ազատ արձակել հայ ռազմագերիներին

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) Ադրբեջանին կոչ է անում անհապաղ ազատ արձակել գերիներին։

«Հունվարի 26-ին ԵԽ խորհրդարանական վեհաժողովն ընդունեց «Առաջընթացը Վեհաժողովի մոնիտորինգային գործընթացներում» (հունվար-դեկտեմբեր 2022թ․) բանաձևը: Քվեարկությամբ ընդունվեցին բանաձևում հայկական պատվիրակության կողմից առաջարկված փոփոխությունները՝ Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու և Լաչինի միջանցքի առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջանկյալ միջոցները կատարելու վերաբերյալ»,- նշված է Եվրոպայի խորհրդում Հայաստանի ներկայացուցչության տարածած հաղորդագրությունում։

ԵԽԽՎ բանաձևի երկրորդ կետում, մասնավորապես, նշված է․ «Վեհաժողովն ի գիտություն է ընդունում ՄԻԵԴ-ի ամենավերջին հրատապ ծանուցումը, որով կոչ է արվում վերահսկել Լաչինի միջանցքի վերաբերյալ 2022-ի դեկտեմբերի 21-ի՝ միջանկյալ միջոցներ կիրառելու մասին որոշման կատարումը։ Վեհաժողովը նաև հետևում է հայ ռազմագերիների և քաղաքացիական գերիների շուրջ տիրող իրավիճակին, որոնք դեռևս գտնվում են Ադրբեջանում։ Վեհաժողովը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին»։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դեկտեմբերի 21-ին որոշմամբ պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդ անձանց տեղաշարժը: Դատարանի որոշումը պարտավորեցնում է նաև ճանապարհին անապաստան մնացած կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող անձանց անվտանգ տեղաշարժը, հայտնում է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը:

Հայաստանի արտաքին գործերի նախարարը Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստին իր ելույթում հայտարարել էր, որ Ադրբեջանի կողմից հաստատված տվյալների համաձայն, Բաքվում դեռևս պատանդ է պահվում 33 մարդ:

Մեկնաբանել