Բեգլարյանները հրաժարվեցին փաստաբաններից. ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործի քննությունը հետաձգվեց

Գևորգ Թոսունյան

Երևանի նախկին քաղաքապետ և ՀՀ տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի և նրա ընտանիքի անդամների վերաբերյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով հերթական նիստը հունվարի 27-ին չկայացավ։ Դատավոր Նարինե Ավագյանը տեղեկացրեց, որ պատասխանող կողմը հրաժարվել է ներկայացուցիչներից։

Հունվարի 27-ին Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Նարինե Ավագյանի նախագահությամբ, պետք է տեղի ունենար ՀՀ գլխավոր դատախազության՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունն ընդդեմ Գագիկ Բեգլարյանի, Նունե Բեգլարյանի, Հրանտ Բեգլարյանի, Նատելլա Բեգլարյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին» գործի քննությունը։ Նիստին ներկա չէին Բեգլարյանների ներկայացուցիչները՝ փաստաբաններ Էդգար Անդրեասյանը և Գոռ Օհանյանը։ Դատավոր Նարինե Ավագյանը հայտնեց՝ պատասխանողներից դիմում են ստացել, որ այլևս փաստաբանները չեն ներկայացնում իրենց շահերը։ Նրանք խնդրել են հետաձգել գործի քննությունը երեք ամսով։

Հայցվորը՝ դատախազության ներկայացուցիչ Նելլի Տեր-Թորոսյանը, որոշման կայացումը թողեց դատավորի հայեցողությանը` կասկած հայտնելով պատասխանողների նպատակների վերաբերյալ։ «Գուցե սա մարտավարական հնարք է՝ գործի քննությունը հետաձգելու և գոյություն չունեցող փաստաթղթեր ստեղծելու ու ներկայացնելու նպատակով»,- ասաց հայցվորի ներկայացուցիչը՝ հավելելով, որ 20 օրը ամբողջությամբ բավարար է նոր ներկայացուցիչ ներգրավելու համար։


Դատարանը որոշեց գործի քննությունը հետաձգել մինչը մարտի 14-ը։

***

2022-ի նոյեմբերին դատախազությունը հայտնեց՝ պարզվել է, որ «2002-2010-ի ընթացքում Բեգլարյանը պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, յուրացման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ Երևան քաղաքում և այլ բնակավայրերում գտնվող բազմաթիվ անշարժ գույքեր»։
Դատախազությունը ներկայացրել է 24 անշարժ գույքի ցանկ։ Նշվում է, որ «հանցավոր գործունեության արդյունքում հափշտակվել են նաև մի շարք նախադպրոցական ուսումնական հաստատությունների (մանկապարտեզների) հատկացված շենք-շինությունները, ինչի հետևանքով դադարեցվել է նախադպրոցական ուսումնական հաստատության գործունեությունը, խախտվել են նախակրթական հաստատությունում սովորող մի քանի տասնյակ երեխաների իրավունքներն ու օրինական շահերը»:

Մեկնաբանել