Մարդու իրավունքների (ան)պաշտպանության ռազմավարությունը Վրաստանում

Վրաստան

Շոթա Կինչա, OC Media

Վրաստանի մարդու իրավունքների նախկին ռազմավարության ժամկետը լրանալուց երկու տարի անց կառավարությունը վերջապես նոր փաստաթուղթ է մշակել։ Սակայն երկար սպասված թարմացումը լավ արձագանք չի ստացել, մասնավորապես, քանի որ այնտեղ բացակայում են ԼԳԲՏ+ անձանց իրավունքների պաշտպանության մասին հիշատակումները:

Երբ «Վրացական երազանքի» կառավարությունը, որն այն ժամանակ կոալիցիա էր, ընդունեց երկրի մարդու իրավունքների առաջին ռազմավարությունը 2014-2020 թթ․ համար, այն ներառում էր «սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիման վրա խտրականության դեմ պայքարի» պարտավորություն: Բայց այդ ժամանակից ի վեր կառավարությունը պահպանողական շրջադարձ է կատարել՝ 2023-2030 թթ․ նորացված ռազմավարությամբ։

Կառավարությունն ընդունել է նոր ռազմավարությունն ու ուղարկել խորհրդարանի վերջնական հաստատմանը։

Անտեսված համայնք

Փաստաթուղթն արդեն արժանացել է ԼԳՏԲ համայնքների դժգոհությանը: 2022-ի դեկտեմբերի 10-ին իշխող կուսակցությունը ռազմավարության նախագիծը քննարկեց մի քանի տեղական դիտորդական խմբերի, այդ թվում՝ ԼԳԲՏ+ իրավունքների պաշտպանների հետ։ Բայց ակտիվիստները, որոնց հետ զրուցել է OC Media-ն, ասել են, որ կառավարությունը չի կարողացել համայնքների ղեկավարներին պատշաճ ներգրավել նախագծի մշակման գործընթացում և, ամեն դեպքում, անտեսել է նրանց կարծիքը:

«Համայնքային խմբերը համատեղ առաջարկություններով դիմեցին կառավարությանը, և մենք նույնպես բարձրաձայնեցինք դրանք [դեկտեմբերի 10] հանդիպման ժամանակ, բայց նրանք արհամարհեցին»,- OC Media-ին ասել է Tbilisi Pride-ի համատնօրեն Անա Սուբելիանին:

Ըստ Սուբելիանիի՝ իշխող կուսակցությունը նշել է, որ հրաժարվել է ԼԳԲՏ+ անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված դրույթներից, որպեսզի ռազմավարությունը բավարար աջակցություն ստանա իրենց իսկ պատգամավորների կողմից:

«Նրանց դիրքորոշումն այն է, որ մենք ճիշտ ենք, բայց դա քաղաքական որոշում է»,- նշում է Սուբելիանին և հավելում, որ կառավարությունը համապատասխան «Գործողությունների ծրագրով» խոստացել էր քայլեր ձեռնարկել ԼԳԲՏ+ անձանց նկատմամբ անհանդուրժողականության և խտրականության դեմ պայքարելու համար: Բայց ակտիվիստների շրջանում քիչ է վստահությունը կառավարության նկատմամբ։

Անա Ապցիաուրին, որը վրացական ԼԳԲՏ+ շահերի պաշտպանության խմբի՝ «Հավասարության շարժման» իրավաբանն է, հաստատեց կառավարության դիրքորոշման մասին Սուբելիանիի մեկնաբանությունը՝ ժխտելով նրանց բացատրությունը: «Սա սուտ է, մեղմ ասած. ԼԳԲՏ+ անձանց հիմնախնդիրները ներառված էին նախորդ ռազմավարության փաստաթղթում»,- OC Media-ին ասել է Ապցիաուրին:

«Քաղաքական օրակարգից տարբեր հարցերի կանխամտածված հեռացումն ակնհայտ է»,- ասել է նա՝ հավելելով, որ կառավարությունը չի արձագանքել իրենց այն բանից հետո, երբ կազմակերպությունն անուղղակիորեն՝ իրենց գործընկերների միջոցով, ձեռք է բերել նախագիծը։

Նա փաստաթուղթը որակել «ընդհանրական և ստերիլ»՝ զուրկ ոչ միայն ԼԳԲՏ+ խմբերին որևէ հղումից, այլև «կառավարության տեսլականից, թե ինչպես արդյունավետ հակազդել ատելության հողի վրա հանցագործություններին և ծայրահեղ աջ/բռնի խմբերին»:

Հետքայլ ԼԳԲՏ+ անձանց իրավունքներում

Թեև 2012-ին իշխանության գալուց ի վեր Վրաստանի կառավարությունը հետևողականորեն չի կատարել ԼԳԲՏ+ անձանց պաշտպանելու իր պարտավորությունները, մարդու իրավունքների նոր ռազմավարության մեջ նույնիսկ խորհրդանշական պարտավորության բացակայությունը շատերի կողմից դիտվում է որպես է՛լ ավելի հետընթաց:

«Թեև մենք տարիներ շարունակ քննադատել ենք այս ոլորտում պետության անհամապատասխան կամ մակերեսային տեսլականը, ներկայում այդ տեսլականը լիովին անհետացել է. ապահովել հավասարություն, հակազդել ատելության խոսքին և ատելության հիման վրա հանցագործություներին, ապահովել սոցիալական արդարություն և քաղաքական մասնակցություն»,- ասել է «Հավասարության շարժման» անդամ Անա Ապցիաուրին։

Նա հավելել է, որ քաղաքացիական հասարակության խմբերի հետ համագործակցելու կառավարության պատրաստակամությունը նույնպես «արմատապես փոխվել է վերջին երկու տարիների ընթացքում»։

Նատիա Մեզվրիշվիլին կառավարության վարչակազմի ղեկավարն էր, որը 2020-ին գլխավորում էր մարդու իրավունքների երկրորդ ռազմավարության նախնական աշխատանքները: Մեզվրիշվիլին OC Media-ին ասել է, որ ԼԳԲՏ+ մարդկանց մասին հիշատակումները միտումնավոր հեռացվել են այն բանից հետո, երբ Իրակլի Ղարիբաշվիլին 2021-ին վարչապետի պաշտոնում փոխարինեց Գիորգի Գախարիային:

«Նախնական տարբերակն ուներ առանձին հատված՝ նվիրված ԼԳԲՏ+ խմբերի իրավունքների պաշտպանությանը»,- պնդում է Մեզվրիշվիլին՝ հավելելով, որ «ԼԳԲՏ+ խումբն ամբողջությամբ ջնջվել է քաղաքականության առաջնահերթություններից»։ Մեզվրիշվիլին լքել է պաշտոնը 2020-ի վերջին Գախարիայի հետ միասին՝ զբաղեցնելով իր նորաստեղծ կուսակցության՝ «Հանուն Վրաստանի»-ի փոխնախագահի պաշտոնը։

Ավելի լայն պահպանողական շրջադարձ

Մեզվրիշվիլիի խոսքով՝ նոր ռազմավարությունը թերացել է մի քանի այլ առումներով, այդ թվում՝ անտեսելով Վրաստանի համար ԵՄ-ն նախանշած առանցքային առաջնահերթություններից մեկը՝ որպես անդամակցության թեկնածությունը վերանայելու նախապայման.

«Դրա իրականացման ցուցիչներից մեկը սեռական բռնության, իսկ ավելի պարզ ասած՝ բռնաբարության սահմանման մոտարկումն է միջազգային չափանիշերին։ Այդ մասին խոսք չկա»,- նշել է Մեզվրիշվիլին։

Մեզվրիշվիլին ասում է, որ սա կառավարության առաջնահերթությունների ավելի լայն փոփոխության մի մասն է՝ որպես այս կուրսի փոփոխության առաջին նախազգուշական նշաններից մեկը՝ նշելով «գենդերային հավասարություն» եզրույթի հեռացումը վարչապետի մարդու իրավունքների խորհրդականի պաշտոնից 2021-ի օգոստոսին։

Նա նաև ընդգծում է 2021-ի հուլիսին Թբիլիսիում հոմոֆոբ անկարգությունների կազմակերպիչների համար պատժի բացակայությունը․ «Մենք տեսանք կառավարության հայտարարությունները, որոնք աջակցում էին [կազմակերպիչներին]»:

«Մծվանեբին» («Կանաչները»)՝ Վրաստանում առաջին բացահայտորեն պրո-ԼԳԲՏ+ քաղաքական կուսակցությունը, նույնպես դատապարտել է նոր ռազմավարությունը՝ այն որակելով որպես «ԼԳԲՏ+ անձանց մարդու իրավունքների ինստիտուցիոնալ քաղաքականությունից ջնջելու ավելի լայն փորձերի մաս»:

Նրանք վկայակոչում էին «գենդերային ինքնության» և «այլ գենդերային ինքնություն ունեցող անձանց» հիշատակումները գենդերային հավասարության նոր պետական հայեցակարգի նախնական նախագծից հանելը, ինչը «գենդերային հավասարության» սահմանումը վերադարձրել է 17 տարի առաջ ընդունված տարբերակին:

«Ընդունված փաստաթղթերը հետընթաց են մարդու իրավունքների ոլորտում և վտանգ են ստեղծում պետության ավելի հոմոֆոբ և տրանսֆոբ դառնալու համար»,- նախազգուշացրել է «Մծվանեբի» կուսակցությունը դեկտեմբերի 23-ին։

Փոփոխության փոքր հույս

Չնայած Վրաստանի կառավարությունը պարտավորվել է պաշտպանել փոքրամասնությունների իրավունքները, այդ թվում՝ ԵՄ-ում իրենց թեկնածությունն առաջադրելու հարցում, մարդու իրավունքների նոր ռազմավարության ակնհայտ թերացումների նկատմամբ միջազգային արձագանք չկա:

Հունվարի 18-ի զեկույցում Թբիլիսիում գտնվող Georgia’s Reforms Associates (GRASS) վերլուծական կենտրոնը խոցելի խմբերի պաշտպանությունը նշել է որպես ԵՄ-ի կողմից Վրաստանի համար սահմանված առաջնահերթություններից, որոնք մնացել են չհասցեագրված:

Հարցին, թե ինչ են մտածում այս բացթողման մասին, Վրաստանում ԵՄ պատվիրակությունն ասել է, որ իրենք «բարձրաձայնել են մարդու իրավունքների նոր ազգային ռազմավարության և հետագա գործողությունների ծրագրի անհրաժեշտության մասին, որը ներառում է բոլոր սոցիալական խմբերի իրավունքները, ներառյալ՝ խոցելի և մարգինալացված համայնքների»:

ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը, որն օգնել է կառավարության հետ աշխատելու նոր ռազմավարության մշակման համար, մի փոքր ավելի հստակ էր և առանձնահատուկ ընդգծում էր ԼԳԲՏ+ մարդկանց իրավունքների պաշտպանության կարևորությունը, թեև բացահայտ չէր քննադատում կառավարության մոտեցումը:

«Մարդու իրավունքները համընդհանուր են և, հետևաբար, վերաբերում են մեզ բոլորիս»,- OC Media-ին ասել է Վրաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նիք Բերեսֆորդը: «ՄԱԿ-ը միշտ հատուկ ուշադրություն կդարձնի նրանց, ում իրավունքները մերժման վտանգի տակ են: Սա ներառում է ազգային, էթնիկական և կրոնական փոքրամասնություններին, ԼԳԲՏ+ համայնքներին և հաշմանդամություն ունեցող մարդկանց»:

Բերեսֆորդը «ողջունել է» նոր ռազմավարությունը՝ հավելելով, որ ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը «հանձնառու է աջակցելու գործողությունների ծրագրի մշակմանը նաև առաջիկա աշխատանքներում»: Վրաստանում Ֆրանսիայի դեսպանատունը բացահայտ նշել է, որ «ԼԳԲՏ+ անձանց հիշատակումը» փաստաթղթում բացակայում է։

«Մենք հուսով ենք, որ այդ կետերը կքննարկվեն Գործողությունների ծրագրում, որպեսզի Վրաստանում պաշտպանված լինեն ամբողջ բնակչության իրավունքները»,- ասվում է դեսպանատան տարածած հայտարարությունում։ Սակայն քիչ բան է վկայում այն մասին, որ կառավարությունը մտադիր է փոխել ուղղությունը:

Մարդու իրավունքների և քաղաքացիական ինտեգրման խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Միխեիլ Սարջվելաձեն OC Media-ին ասել է, որ օրենսդիրները դեռ ծանոթանում են մարդու իրավունքների նոր ռազմավարությանը: Նա հրաժարվել է ասել, թե արդյոք հանձնաժողովը խնդրահարույց համարում է ԼԳԲՏ անձանց մասին դրույթի բացթողումը՝ հավելելով միայն, որ այս հարցը քննարկվել է դեկտեմբերի 10-ին քաղաքացիական հասարակության խմբերի հետ հանդիպմանը։ Հարցին, թե ինչպես է ԼԳԲՏ+ համայնքը դուրս թողնվում մարդու իրավունքների ռազմավարությունից, վարչապետի աշխատակազմը խուսափողական պատասխան է տվել:

Մեկնաբանել