Միջազգային դատարանում մեկնարկում են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումները

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում այսօր մեկնարկում են Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարական լսումները։ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործը կմեկնարկի այսօր՝ հունվարի 30-ին, ժամը 13:00 և կտևի մինչև 15:00-ն։ Լսումները կշարունակվեն նաև 19:00-21:00-ն։

Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։

Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները տեղի կունենան հունվարի 31-ին։

Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի նիստում քննարկվելու է Լաչինի միջանցքի արգելափակումը դադարեցնելու և դրա ապահովման համար միջանկյալ միջոցներ կիրառելու Հայաստանի հայցը: Հայկական կողմը պահանջում է ապահովել միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ տեղաշարժը։ Իսկ Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի նիստում քննարկվելու է «ադրբեջանական տարածքների ականապատման» հարցը:

***

Դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ադրբեջանցի «բնապահպան-ակտիվիստները» «բողոքում են ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող տարածքում հանքավայրերի ապօրինի շահագործման դեմ»։ Արդեն 50-րդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհը։

Մեկնաբանել