Ձերբակալվել է հունվարի 29-ին վիրավորում ստացած զինծառայողի ծառայակիցը

Զինծառայողի հրազենային վիրավորում ստանալու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել է նրա ծառայակիցը։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

«Հունվարի 29-ին՝ ժամը 17:00-ին, ՊՆ ռազմական ոստիկանության Կապանի բաժնից հաղորդում է ստացվել, որ նույն օրը` ժամը 15:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի ավագի օգնական, պարտադիր ժամկետային զինծառայողը, ըստ նախնական տվյալների, նույն մարտական դիրքում ծառայություն իրականացնող մեկ այլ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ա.Ա.-ին ամրակցված ԱԿ-74 տեսակի գործարանային համարի ինքնաձիգը լիցքաթափելիս արձակել է մեկ կրակոց, ինչի արդյունքում վերջինս գլխի հատվածում ստացել է հրազենային վիրավորում և տեղափոխվել բուժհաստատություն»,- ասված է հաղորդագրությունում։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Զենքի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը ծանր վնասի պատճառում):

«Զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի ավագի օգնական, պարտադիր ժամկետային զինծառայողը ձերբակալվել է։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»,- տեղեկացնում է ՔԿ-ն։

Ավելի վաղ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հունվարի 29-ին զորամասերից մեկի զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել, նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Մեկնաբանել