2022-ին Երևանում և ՀՀ բոլոր խոշոր քաղաքներում բնակարանների գներն աճել են

Հայաստանի անշարժ գույքի շուկայում 2022-ին իրականացվել է մոտ 205 հազար գործարք, որն ամենաշատն է վերջին 12 տարիների կտվածքով։ Այդ մասին տեղեկանում ենք Կադաստրի կոմիտեի հրապարակած տարեկան վերլուծությունից։

Ամենաշատ գործարքներն եղել են Երևանում, ամենաքիչը՝ Վայոց ձորում։ 2021-ի քանակական ցուցանիշների հետ համեմատած, 2022-ին գործարքները նվազել են Արարատի, Գեղարքունիքի, Արմավիրի մարզերում, ավելացել՝ Երևանում, Կոտայքում, Շիրակում, Տավուշում, Սյունիքում, Լոռիում, Արագածոտնում։

Ըստ տեսակների՝ ամենաշատը եղել են օտարման, ժառանգության ու առաջնային գրանցման գործարքները։ Հակառակ գործարքների թվի աճին՝ հանրապետությունում առքուվաճառքի գործարքները նվազել են՝ 56 044-ից հասնելով 52 928-ի։ Երևանում ու Կոտայքում իրականացված առքուվաճառքի գործարքները միասին կազմել են հանրապետությունում եղած առքուվաճառքի գործարքների կեսից ավելին։

Երևանում առքուվաճառքի գործարքներն աննշան են աճել (0,7 տոկոսով), իսկ Կոտայքում 2,1 տոկոսով։ Առքուվաճառքի գործարքները շեշտակիորեն նվազել են Արարատի մարզում (-24,4 %), Լոռիում (-18%), Վայոց ձորում (-12,8), Արմավիրում (-12%)։ Անշարժ գույքի առքուվաճառքը նվազել է նաև Շիրակի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Սյունիքի ու Տավուշի մարզերում։

Երևանում անշարժ գույքի առքուվաճառքի գործարքներն ամենաշատն աճել են՝

Նորք-Մարաշում (38,6%)

Կենտրոնում (17,9%)

Դավթաշենում (17,1%)

Էրեբունիում (8,2%)

Նոր Նորքում (7,9 %)

Արաբկիրում (5,4%)

Ավանում (2,2%)

Միևնույն ժամանակ, առքուվաճառքի գործարքներն էականորեն նվազել են՝

Քանաքեռ Զեյթունում (-38,2%)

Նուբարաշենում (-32,6%)

Շենգավիթում (-16%)

Աջափնյակում (-0,7%)

Երևանում ամենաշատը գույքերի տեսակներից վաճառում ու գնում են բնակարան։ Դրանց 1 քառակուսի մետրի վաճառքի միջին արժեքը Երևանի բոլոր վարչական շրջաններում աճել է ու 2021-ի համեմատ ունի այս տեսքը.

Ինչպես հետևում է աղյուսակից, բնակարանների քառակուսի մետրի միջին արժեքն ամենաշատը բարձրացել է Դավթաշենում՝ 17,5%, ամենաքիչը՝ Նոր Նորքում՝ մոտ 8%։ Չկա որևէ վարչական շրջան, որտեղ գնի նվազում կա։ Կադաստրի կոմիտեի հաշվարկներով՝ Երևանում բնակարանների 1 քառակուսի մետրի արժեքն աճել է միջինում մոտ 14 տոկոսով։

Վաճառվող բնակարանների քառակուսի մետրն աճել է նաև Երևանից դուրս՝ բոլոր խոշոր քաղաքներում։ Այսպես, Գավառում ու Վանաձորում բնակարանների 1 քմ միջին գինն աճել է 29 %-ով, Մեծամորում, Էջմիածնում ու Հրազդանում՝ 27 %-ով, Գյումրիում, Սևանում ու Դիլիջանում մոտ 26 %-ով։

Հայաստանում, ըստ Կադաստրի կոմիտեի, նվազել են նաև վարձակալության գործարքները։ Եթե 2021-ին եղել է վարձակալության 11 432 գործարք, որի կեսից ավելին գրանցվել է Երևանում։ Ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված ՀՀ տեղափոխված ռուսների և ուկրաինացիների գործոնը որևէ կերպ, ըստ ներկայացված հաշվետվության, չի ազդել վարձակալության գործարքների վրա: Ըստ Կադաստրի կոմիտեի՝ Հայաստանում ամենաշատը վարձակալում են հասարակական նշանակության շինություն, հող ու բնակարան։

Ըստ հաշվետվության՝ մի փոքր նվազել են հիփոթեքային գրավադրման գործարքները. եթե 2021-ին կատարվել էր նմանաբնույթ 5 771 գործարք, 2022-ի համար այդ թիվը կազմել է 5 645: Դրա առյուծի բաժինը դարձյալ Երևանում է գրանցվել։

Հողերի առքուվաճառքը ևս հանրապետությունում նվազել է (8,5 %-ով): Երևանում, ընդհանուր առմամբ, վաճառվել է 155 հեկտար մակերեսով հողեր՝ հիմնականում հասարակական ու բնակելի կառուցապատման, նաև՝ գյուղատնտեսական նշանակություններով։ Մարզերում գրանցված հողերի առքուվաճառքի գործարքները մակերեսով արտահայտված ավելի քան 13 000 հեկտար են կազմել՝ հիմնականում գնվել ու վաճառվել են գյուղատնտեսական հողեր։

Մեկնաբանել