Արցախ․ պաշտոնյան բացատրում է՝ ինչու են որոշ ապրանքներ խիստ թանկ վաճառվել

Հայկ Ղազարյան, Ստեփանակերտ

Սպառողները սոցիալական ցանցերում սկսել են բողոքել, որ Ստեփանակերտի խանութներում որոշ ապրանքատեսակներ շատ բարձր գներով են վաճառվում։ Օրինակ, «Սնիկերս» շոկոլադը վաճառվում է 550 դրամով, իսկ «Լուսաստղ» սուրճը՝ 500 դրամով։

Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի տնտեսական մրցակցության վարչության պետ Հրաչ Ավթանդիլյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց, որ մի շարք ապրանքատեսակներ խանութներին տրամադրում է Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը։ Դրանց թվում են նաև կտրոններով տրամադրվող ապրաքնատեսակները։ Առևտրային օբյեկտները այդ ապրանքատեսակները վաճառում են մինչև 15 տոկոս վերադրում անելով։

«Ինչ տրամադրում է Գյուղհիմնադրամը, մենք կարողանում ենք այդ գները վերահսկել․ մենք գիտենք, թե ինչ գնով է խանութը ապրանք ստանում և ինչ վերադրումով է իրացնում։ Եղել են որոշակի առևտրային օբյեկտներ, որոնք ապրանքը Գյուղհիմնադրամից չեն ստացել, այլ ուրիշ ճանապարհով։ Հայտարարությամբ ասել ենք, որ ոչ բոլոր ապրանքներն են Գյուղհիմնադրամից ձեռք բերվում, ուստի հնարավոր չէ այդ ապրքանքատեսակների գնագոյացումը լիարժեք վերահսկել»,- ասում է Ավթանդիլյանը։

Պաշտոնյան բացատրում է, որ դիտանցումներ անելիս բոլորին զգուշացնում են, որ նախաբլոկադային գներով վաճառեն կամ շատ բարձր գներով չվաճառեն․ «Կան այլ եղանակով, առանց հիմնավոր փաստաթղթերի ստացած ապրանքներ։ Մենք այդ ինֆորմացիան նաև Պետեկամուտների կոմիտեին ենք հաղորդում, որպեսզի պարզեն, թե արդյոք գրանցվել են այդ ապրանքները, թե ոչ»։

Ավթանդիլյանը ասում է, որ վերջին շրջայցի ժամանակ պարզել են, որ սուրճի ու «Սնիկերսի» հետ կապված նման խնդիր էլ չկա․ «Մեր շրջայցերի նպատակը հենց դա է, որպեսզի շատ բարձր գներով ապրանքատեսակներ չլինեն»։

Պաշտոնյայի խոսքով՝ իրենց առևտրային օբյեկտներին տեղեկացնում են, որ եթե բարձր գներով ապրանք են առաջարկում, չվերցնել․ «Թեկուզ և խանութպանն այդ ապրանքը վերցնում է և վերադրում անում, ինչը փաստացի խախտում չի»։

Շրջափակումից հետո հանձնաժողովը շաբաթական դիտարկումների փոխարեն ամենօրյա դիտարկումներ է անում։ Իսկ կտրոնային համակարգի ներդրումից հետո հանձնաժողովը, Պետական եկամուտների կոմիտեն և Պետական տեսչությունների կառավարման կոմիտեի աշխատանքային խմբերը Ստեփանակերտի տարբեր մասերում ամենօրյա դիտանցումներ են իրականացնում։ Շրջաններում նույն գործառույթը վարչակազմն է իրակակացնում։

Մեկնաբանել