ՊՆ կապիտանը հակառակորդին տեղեկություններ է փոխանցել Հնդկաստանից ձեռք բերված զենքի վերաբերյալ․ ԱԱԾ

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը պետական դավաճանության նոր դեպք է բացահայտել։

Նշվում է, որ ՀՀ քաղաքացի, ՊՆ զորամասերից մեկի կոչումով կապիտան սպան 2021-ի սկզբից հայտնվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում և հավաքագրվել նրանց կողմից։

«2021-ի ապրիլ-մայիս ամիսների ընթացքում հավաքել և իր կողմից օգտագործվող տարբեր բջջային հավելվածների միջոցով օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչին է հանձնել պետական և ծառայողական գաղտնիք կազմող ռազմական բնագավառի տեղեկություններ, մասնավորապես՝ իրենց ստորաբաժանման պահպանության ներքո գտնվող սպառազինության, զինատեսակների, քանակի, մարտական դիրքի տեղակայման վայրի վերաբերյալ տեղեկություններ և այլ տվյալներ՝ լուսանկարներով ցուցադրել է սպառազինությունը և զինատեսակների քանակը, այդ թվում՝ Հնդկաստանից ձեռք բերված ռազմական տեխնիկայի վերաբերյալ»,- ասված է հաղորդագրությունում։

Տեղեկությունների դիմաց սպան 2 անգամ տարբեր օրերի ընթացքում ստացել է գումար և բջջային հեռախոս:

ԱԱԾ-ն հայտնում է, որ սպային մեղադրանք է ներկայացվել, դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Մեկնաբանել