Զինվորական կացարանում բռնկված հրդեհի գործով ձերբակալվել է երկրորդ սպան

Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի գործով ձերբակալվել է երկրորդ սպան։

Դատախազությունը զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, զորամասի հակահրդեհային պաշտպանության և փրկարար աշխատանքների ծառայության պետ, մայոր Մ.Ս.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել Քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Հունվարի 31-ին նա ձերբակալվել է։

«Մ.Ս.-ն, հանդիսանալով հրամանատար (պետ) և պաշտոնատար անձ, պատասխանատու լինելով հակահրդեհային պաշտպանության կազմակերպման, հրշեջ խմբի, հրդեհամարիչ միջոցների մշտական պատրաստության և անձնակազմի հրդեհային անվտանգության պահանջներն ուսուցանելու, կրակմարիչների տեխնիկական վիճակի հաշվառման, բոլոր տեսակի կացարաններում կրակմարիչներ տեղադրելու համար, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով, հիշյալ պարտականությունները չի կատարել, այդ թվում նաև` հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցներով ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտն ապահովելու ուղղությամբ. արդյունքում անզգուշությամբ առաջացրել է մարդկանց մահ»,- ասված է հաղորդագրությունում։

Հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, ևս 3 զինծառայող տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։ Նախնական վարկածով հրդեհը տեղի է ունեցել ջեռուցման հետ կապված անվտանգության նորմերի խախտման պատճառով։

Դատախազությունից նշում են, որ հունվարի 19-ին զորամասի ինժեներական ծառայության սպան, հանդիսանալով նստեցման շրջանի պատասխանատու, ստորաբաժանման անձնակազմի համար նախատեսված կացարանում, վառարանը վառել է ավտոբենզինով, որի արդյունքում կացարանում բռնկվել է հրդեհ․ «Հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցների բացակայության պատճառով կացարանում գտնվող զինծառայողների կողմից ոչ միայն հնարավոր չի եղել այն մարել, այլ նաև պահեստային ելքի բացակայության պայմաններում՝ կոտրել կացարանի պատուհաններին ամրացված երկաթյա ճաղավանդակները և դուրս գալ այնտեղից: Արդյունքում, կացարանում հանգստի մեջ գտնվող, նույն վաշտի 15 պարտադիր ժամկետային զինծառայողներ մահացել են»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել