Եվս երեք հիվանդ Արցախից տեղափոխվել է Հայաստան

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ ևս երեք հիվանդ Արցախից տեղափոխվել է Հայաստան, հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։

«Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից երեք հիվանդներ, որոնցից երկուսը ուռուցքային հիվանդություններով և մեկը՝ վիրահատություն պահանջող ախտաբանությամբ, այսօր՝ հունվարի 31-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ»,- ասված է հաղորդագրությունում։

Մինչ այսօր Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 58 հիվանդ։

Արցախում նաև շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ «Արևիկ» բուժմիավորումում 7 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում, իսկ «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում 12 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են։

***

Դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ադրբեջանցի «բնապահպան-ակտիվիստները» «բողոքում են ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող տարածքում հանքավայրերի ապօրինի շահագործման դեմ»։ Արդեն 51-րդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհը։

Մեկնաբանել