ԵՄ դիտորդական առաքելությունը հնարավորություն է նվազագույնի հասցնելու նոր մարտերը․ Միջազգային ճգնաժամային խումբ

Բրյուսելում տեղակայված Միջազգային ճգնաժամային խումբ հետազոտական կենտրոնը զեկույց է հրապարակել «Կանխելով Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմը» (Averting a New War between Armenia and Azerbaijan) վերնագրով։ Զեկույցը զգուշացնում է նոր բախման մեծ հավանականության մասին և առաջարկություններ ներկայացնում, թե ինչ պետք է անել դա կանխելու համար։

2022-ի կեսերին ԵՄ-ն և ԱՄՆ-ն առաջարկել էին Բաքվին, որ նա կարող է հաղթահարել փակուղին Ստեփանակերտի իշխանությունների հետ ուղիղ բանակցությունների միջոցով: Ադրբեջանը նշել է, որ, չնայած վերապահումներին, կքննարկի այս տարբերակը, թեև հաշվի առնելով շրջափակումը, այդ ուղղությամբ որևէ առաջընթաց չի գրանցվել։

Զեկույցի հեղինակները հատուկ ուշադրություն են դարձնում Հայաստանում տեղակայվելիք ԵՄ դիտորդական առաքելությանը և հիշեցնում, որ ԵԱՀԿ դիտորդներ ուղարկելու առաջարկությունը չստացավ Բաքվի հավանությունը։

ԵԱՀԿ-ի ավելի երկարաժամկետ առաքելության գաղափարը աջակցություն ստացավ հատկապես ԱՄՆ-ում և Ֆրանսիայում: Քանի որ ԵԱՀԿ-ն միավորում է եվրոպական բոլոր հիմնական դերակատարներին, ֆրանսիացի պաշտոնյաները Ճգնաժամային խմբին ասել են, որ իրենք տեսնում են ԵԱՀԿ-ի ավելի մեծ դերը որպես միջոց՝ խուսափելու արևմտյան պետությունների և Մոսկվայի միջև լարվածությունից, որը կարող է առաջացնել ԵՄ առաքելությունը: Ֆրանսիացի մի դիվանագետ նշել է, որ եթե Մոսկվան ծուռ նայի ԵԱՀԿ առաքելությանը, ապա դրանից Հայաստանը կտուժի։ Նոր մարտերի դեպքում, ըստ դիվանագետի, «թույլ Հայաստանը ստիպված կլինի միայնակ դիմակայել, որովհետև մենք չենք կարողանա [պաշտպանել նրան]»: ԱՄՆ պաշտոնյաները, իրենց հերթին, ուղիներ էին փնտրում ապահովելու լայն միջազգային ներգրավվածություն՝ միաժամանակ խուսափելով իրենց երկրի անմիջական դերից: «Գետնի վրա [ԱՄՆ-ի] կոշիկներ չեն լինի»,- ասել է ամերիկացի պաշտոնյան:

Զեկույցում նշվում է, որ ԵՄ դիվանագետները նախնական բանակցություններ էին սկսել ադրբեջանցի պաշտոնյաների հետ, սակայն դրանք խաթարվել են Լաչինի միջանցքի շրջափակման հետ կապված ճգնաժամի պատճառով։ «Ակնկալվում է, որ մենք ճնշում կգործադրենք Բաքվի վրա Լաչինի ճանապարհի ճգնաժամը լուծելու համար, բայց դա մեզ համար ավելի կդժվարացնի մեղմացնել Բաքվի դիրքորոշումը առաքելության շուրջ բանակցություններում»,- Ճգնաժամյին խմբին ասել է բանակցություններում ներգրավված ԵՄ դիվանագետը:

Ըստ զեկույցի՝ թեև ԵՄ դիվանագետները առաջարկվող առաքելության շուրջ ձգտում էին ստանալ տարածաշրջանային առաջնորդների հավանությունը՝ ԵՄ պաշտոնյաներն իրենց հերթին աշխատում էին հաղթահարել դրա շուրջ վերապահումները Բրյուսելում: Եվրոպացի որոշ պաշտոնյաներ Ճգնաժամային խմբին ասել են, թե կարծում են, որ ԵՄ-ն պետք է իր ռեսուրսները կենտրոնացնի Ուկրաինայի պատերազմի վրա, այլ ոչ թե այլուր: Մյուսներն էլ հարց էին տալիս, թե արդյոք ԵՄ-ն պետք է դիտորդներ տեղակայի Հայաստանում՝ մի երկիր, որը ՀԱՊԿ-ի միջոցով ռազմական դաշնակիցն է Ռուսաստանի, որը տեսականորեն պետք է պատասխանատվություն կրի նրա անվտանգության համար: Ճգնաժամային խմբին մի դիվանագետ ասել է․ «Եթե մենք առաքելություն ուղարկենք միայն հայկական կողմին՝ առանց Բաքվի համաձայնության, դա կարող է սխալ տպավորություն ստեղծել… Բաքուն կարող է դա համարել, թե ԵՄ-ն դեմ է իրեն»: Ոմանք էլ անհանգստացած էին, որ էներգակիրների խոշոր արտահանող Ադրբեջանի օտարումը կազդի իրենց տնտեսական շահերի վրա: 2022-ի վերջին Հայաստանը կապ է հաստատել ԵՄ-ում Բաքվի խոշորագույն առևտրային գործընկերների, մասնավորապես՝ Հունգարիայի, Իտալիայի և Ռումինիայի հետ՝ քննարկելու ԵՄ դիտորդական առաքելությունը:

Միջազգային ճգնաժամային խմբի մասնագետները զգուշացնում են, որ թեև Հայաստանն ու Ադրբեջանը մի շարք հարցերի շուրջ լուրջ առճակատման մեջ են՝ սեպտեմբերյան մարտերը սահմանի երկայնքով և բուն Հայաստանի տարածքում մեծացրել են այստեղ ռազմական գործողությունների բռնկման վտանգը: Զեկույցը նշում է, որ եթե անգամ մեծածավալ պատերազմ չլինի, նոր մարտերը, բացի թշվառությունից, այլ բան չեն բերի տարածաշրջանի բնակիչներին և էլ ավելի կվատթարացնեն քաղաքական մթնոլորտը Եվրասիայում, որն առանց այդ էլ բավական վատ է Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների պատճառով: Բայց քանի որ բանակցությունները երերուն են, և դիվանագիտությունը բարդանում է Ռուսաստանի և Արևմուտքի միջև խորացող ճգնաժամի պատճառով, հակամարտող կողմերի հարևանները պետք է լրացուցիչ ջանք և եռանդ ներդնեն՝ ռազմական գործողությունների վերսկսման ռիսկը կառավարելու համար:

Հունվարի 23-ին ԵՄ երկամյա առաքելության մասին հայտարարությունը համարձակ և ողջունելի քայլ էր: ԵՄ անդամ պետությունների կոնսենսուսի ձևավորումը պահանջում էր որոշակի մանևրումներ Բրյուսելում՝ հաշվի առնելով Ռուսաստանի հետ Հայաստանի պաշտոնական դաշինքը և Ադրբեջանին օտարելու մտահոգությունը մի ժամանակ, երբ նրա էներգետիկ ռեսուրսները մեծ պահանջարկ ունեն ամբողջ Եվրոպայում: Այդուհանդերձ, ծախսերն ու ռիսկերը կառավարելի են թվում և արժե դրանք ստանձնելը․ ԵՄ առաքելությունը, ըստ երևույթին, լավագույն հնարավորությունն է նվազագույնի հասցնելու սեպտեմբերյան մարտերի կրկնությունը կամ ընդլայնման ռիսկը:

Այժմ Բրյուսելն ու նրա գործընկերները պետք է առավելագույնս օգտագործեն իրենց իսկ իջեցրած հանձնարարականը: ԵՄ-ին անհրաժեշտ կլինի բոլոր հնարավոր ուղիներով շահի Բաքվի համաձայնությունը և թույլտվություն ստանալ սահմանի ադրբեջանական կողմում ևս դիտորդներ տեղակայելու: Այն պետք է աշխատանքային պայմանավորվածություններ հաստատի ռուս սահմանապահների հետ՝ օրինակ վերցնելով այլ դեպքերը, երբ ԵՄ դիտորդները և ռուս անձնակազմը սերտ աշխատում են:

Վերջապես, ԵՄ-ն պետք է ապահովի, որ առաքելությունն ունենա անհրաժեշտ մանդատ և ռեսուրսներ, ներառյալ լայն լիազորություններ ինչպես երկու կողմերի միջև, այնպես էլ սահմանի երկայնքով գտնվող վայրերում հաղորդակցությունն ու համագործակցությունը խթանելու համար: Մոսկվան կարող է գրկաբաց չընդունել առաքելությունը, բայց Հարավային Կովկասում նրա շահերը համընկնում են Բրյուսելի շահերի հետ, գոնե հակամարտությունների կանխարգելման հարցում: Կրեմլը պետք է դիտի առաքելությունը որպես հնարավորություն և հանգիստ օգնի նրան կատարելու այդ աշխատանքը:

Քանի որ Ռուսաստանը տարված է Ուկրաինայով՝ ԵՄ-ն վերջին երկու տարիների ընթացքում մեծ դեր է ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդության հարցում, և դա լավ է։ Հարավային Կովկասի կայունացմանն օգնելու հաջողությունը տնտեսական օգուտներ կբերի, այդ թվում՝ էներգետիկ մարտահրավերները մեղմելու միջոցով Ադրբեջանի հետ առևտրի մասով և ռազմավարական առումով, քանի որ հազիվ թե ԵՄ-ն ցանկանում է ևս մեկ պատերազմ իր սահմանների մոտ:

Այս դիվանագիտական ջանքերը, սակայն, ի չիք կդառնան, եթե կողմերը շարունակեն տուրք տալ մահացու զինված բախումներին: Հունվարի 23-ին ԵՄ երկամյա դիտորդական առաքելության մասին հայտարարությամբ Բրյուսելը ցույց տվեց, որ ունի քաղաքական կամք՝ ստանձնելու նոր և վճռական դեր՝ կողմերին օգնելու զերծ մնալ առճակատումից: Այժմ նա պետք է այս առաքելությանը տրամադրի մանդատ, դիվանագիտական աջակցություն և ռեսուրսներ, որոնք թույլ կտան հաջողության հասնել:

Կարեն Հարությունյան

Մեկնաբանել