«Քիմիկների զորամասի» զինծառայողներին ուղարկել են դիվերսիոն խմբեր ոչնչացնելու՝ առանց զրահաբաճկոնների

Գևորգ Թոսունյան

Հակակոռուպցիոն դատարանում հունվարի 30-ին շարունակվեց «Քիմիկների զորամաս» անվանումը ստացած քրեական գործով նախնական դատական հերթական նիստը։ Այս նիստին հրապարակվեցին մի շարք ապացույցներ։

Դատարանում հրապարակվեց նաև նախաքննական մարմնին ուղղված մի գրություն, որը 2021-ին պատրաստվել էր Էջմիածնի ռազմական ոստիկանությունում։ Ըստ այդ գրության՝ 2020-ի հոկտեմբերի 21-ին զինծառայողները տեղափոխվել են Կովսական (Զանգելան)՝ «սանրման» աշխատանքներ կատարելու, այսինքն՝ հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերին ոչնչացնելու, ընդամենը ինքնաձիգերով ու սաղավարտներով՝ առանց զրահաբաճկոնների։

Էջմիածնի «քիմիկների» զորամասի զինծառայողները 2020-ի հոկտեմբերի 21-ին տեղափոխվել են Զանգելան։ Գործով շոշափվում է 62 հոգանոց խմբի ճակատագրի հարցը։ Նշվում է, որ մարտական խնդրի կատարման ժամանակ նրանք շրջափակման մեջ են ընկել, 5-ը գերեվարվել են, 12-ը՝ սպանվել, 24-ի գտնվելու վայրն անհայտ է առ այսօր։ Այս գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ–լեյտենանտ Անդրանիկ Մակարյանին, N զորամասի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Աբգարյանին, պատերազմի ժամանակ նույն զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Սարգիս Կուլակչյանին և զորամասի համալրման բաժանմունքի նախկին պետ, կապիտան Էլլադա Հարությունյանին։

Հունվարի 30-ին կայացած նիստի ամբողջ ընթացքում նախագահող դատավոր Սարգիս Դադոյանը հրապարակում էր գործի ապացույցները, այդ թվում՝ գրություններ Էջմիածնի ռազմական ոստիկանությունից ու ՊՆ-ի համապատասխան զորամասից։ Այդ գրություններից մեկի համաձայն՝ մարտական գործողություններին ՊՆ N զորամասից մասնակցել է թվով 50 զինծառայող, որոնցից 25-ը պահեստազորայիններ։

«2020-ի հոկտեմբերի 21-ին Զանգելանի հատվածում զորամասի անձնակազմը պետք է կատարեր «սանրման» աշխատանքներ. հայտնաբերեր հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերն ու ոչնչացներ, այնուհետև անցներ պաշտպանության և թույլ չտար թշնամու ներթափանցումը ՀՀ տարածք»,- նշված էր գրությունում։

Նույն օրը վաղ առավոտյան երեք ավտոբուսներով անձնակազմը դուրս է եկել մարտական խնդրի կատարման վայր։ Անձնակազմը համալրված է եղել ինքնաձիգով ու սաղավարտներով, իսկ գործողությունը ղեկավարող Մակարյանն ու Աբգարյանը միմյանց հետ որպես կապի միջոց օգտագործել են բջջային հեռախոսներ։

Գրությունը հրապարակելուց հետո Անդրանիկ Մակարյանի պաշտպան Ամրամ Մակինյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ գրության վրա առկա է ձեռագիր գրառում։

Մեկ այլ գրության համաձայն, որը 2021-ին կազմել էր Էջմիածնի ռազմական ոստիկանության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարը և ուղղել վարույթն իրականացնող մարմնին, հոկտեմբերի 21-ին Կապանի զորամասում Մակարյանը զինծառայողների հրահանգավորել է գնալ մարտական գործողության։ Զինծառայողներին, սակայն, զրաբաճկոն չեն տրամադրել.

«Ստացված տեղեկությունների համաձայն՝ Զանգելան քաղաքից 3-4 կմ հեռավորության ճանապարհին պետք է լիներ անցակետ, սակայն այդ հատվածում որևէ մեկը չի հանդիպել մարտական խնդիրներ կատարող զինծառայողներին։ Զինծառայողները համալրված են եղել իրենց ամրակցված զենք-զինամթերքով, զրահաբաճկոններ հատկացված չեն եղել»,- նշված էր գրությունում։

Այնուհետև գրությամբ տեղեկացվել է նախաքննական մարմնին, որ «62 հոգանոց անձնակազմին շրջափակման մեջ վերցնելուց հետո գեներալ-լեյտենանտ Մակարյանի խմբի կողմից օգնություն ցուցաբերելու վերաբերյալ տեղեկություններ չեն ստացվել»։

«Ստացված տեղեկությունների համաձայն ՀՀ ՊՆ N զորամասից մարտական խնդիրներին մասնակցած 50 զինծառայողներից և պահեստազորայիններից 33-ը համարվել են որպես անհետ կորած, մեկը գտնվել է գերության մեջ»։

Դատարանում փաստաթղթերից մեկի հրապարակման ժամանակ անհետ կորած մայոր Բադեյանի կինը՝ Հասմիկ Ղուկասյանը, հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ ինքը ծանոթ է բանակի գործավարությանն ու խնդրահարույց է համարում հրապարակված գրություններից որոշները։

«Հիմա ստացվում է այսպես՝ որևէ մեկը կարող է գալ այլ զորամասից, տվյալ զորամասում զեկուցագրեր գրվի, լրացումներ կատարվեն, բայց այն զորամասից, որտեղից եկել է՝ որևէ հաստատող կնիք ու փաստ չլինի։ Կարող է մարդը գա, ես վերցնեմ նրա փոխարեն զեկուցագիր գրեմ, հրամանատարը մակագրի, մեր զորամասում մուտքի-ելքի կնիքներ գրվեն ու ամեն ինչ օրինական լինի։ Ինձ հետաքրքիր է, հրապարակված զեկուցագրի վրա՝ կա որևէ կնիք, որ զինծառայողը եկել է կոնկրետ զորամասից»,- հարց բարձրացրեց Հասմիկ Ղուկասյանը։

Դատավորը չպատասխանեց տուժողի կնոջ հարցին, ճշտեց, թե արդյոք նա վկայի կարգավիճակով է դատարանում ներկայանում, թե՝ տուժողի իրավահաջորդի։ Պարզվեց, որ Հասմիկ Ղուկասյանը նախաքննության ընթացքում որպես վկա է հանդես եկել ու տուժողի իրավահաջորդի կարգավիճակ դեռևս չունի։ Ուստի դատավորը խնդրեց նրան լքել նիստերի դահլիճը։ Նիստերին ներկա զոհված ու անհետ կորած զինծառայողների ծնողները ընդդիմացան, բայց դատավորը պարզաբանեց, որ կարգն է այդպիսին։

Հունվարի 30-ի նիստին բացի նախաքննական մարմնին ուղղված գրություններից, քննարկվեց նաև «Քիմիկների զորամասի» զինծառայողների մասնակցությամբ գերության տեսանյութերի զննությունները, որոնք պատրաստել էր քննիչը։

Այս գործով անցնող ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում։

Մեկնաբանել